26.07.2021 | 
Հասարակություն
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
«PMI Science» գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նվիրված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին, որի ընթացքում մագիստրոսական ծրագրի 2021 թվականի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) ու ISTC-ի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ։

 

Դիպլոմների հանձնմանը ներկա էին «PMI Science»-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ISTC կենտրոնի ղեկավար Արեգ Գևորգյանը, Տտնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, շրջանավարտների ծնողներ։

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ ուսանողների ընտրությունը կատարվում է շատ մանրակրկիտ. «Նախորդ տարի ունեինք 38 դիմորդ, որից ընդունվեցին ընդամենը 20-ը։ Ընդունելությունը շատ մրցութային է, իսկ ընդունվելու գլխավոր չափանիշը մաթեմատիկայի գիտելիքներն են և բիզնես վերլուծության որոշ խնդիրներ»։

 

 

«PMI Science»-ը յուրաքանչյուր տարի աջակցում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն 11 ուսանողներին՝ տրամադրելով կրթաթոշակներ ուսման վարձի չափով:

 

Կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը փաստեց, որ ծրագրի ուսանողներն այսօրվա աշխատաշուկայում խնդիր չունեն, քանի որ բոլորն աշխատում են իրենց մասնագիտությամբ և ոլորտում պահանջված են ոչ վերացական, կիրառական և գործնական կրթության շնորհիվ. «Այս ծրագրի լավագույն ուսանողները Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ունեն կրթության մի տարին անցկացնելու ԱՄՆ-ում՝ ստանալով կրկնակի դիպլոմներ։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանում այս ծրագիրը եզակիներից է, որն ամբողջովին սինխրոնիզացված է ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկի տվյալագիտության ծրագրերի հետ»։

 

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, խոսելով տվյալագիտության՝ որպես միջդիսցիպլինար մասնագիտության մասին, նշեց, որ այն ներառում է մաթեմատիկոսի, ծրագրավորողի և բիզնես վերլուծաբանի հմտություններ, իսկ այս ամենի հիմքը մաթեմատիկան է. «Տվյալագիտությունը, լինելով նոր մասնագիտություն և սերտորեն առնչվելով մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, նեյրոնային ցանցերի հետ, ապահովում է տնտեսության տեխնոլոգիական առաջընթացը։ Եվ ընդհանրապես, տվյալագիտությունն այսօր տեխնոլոգիական աշխարհի շարժիչն է»։

 

Նշենք, որ գործելով արդեն չորս տարի՝ մագիստրոսական ծրագիրն ունեցել է զգալի հաջողություններ: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ ուսանողների իրականացրած գիտական նախագծերի և թեզերի մոտ 60%-ը կիրառություն է ստացել մասնավոր հատվածում։

 

 

Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շրջանավարտներին մաղթեց կանաչ ճանապարհ և նորանոր հաջողություններ:

Իսկ շրջանավարտները համակարծիք էին մի հարցում. ծրագիրը գիտելիքի և հմտությունների գործնական կիրառություն չէր կարող ապահովել, եթե չլինեին երիտասարդ և գործնական ոլորտներում աշխատող իրենց երիտասարդ դասախոսների նվիրվածությունն ու կրթության ոլորտում լավագույնը մատուցելու մղումը։

 

«Մենք «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն գովազդն ենք,- հպարտությամբ փաստում են շրջանավարտները,- այս ծրագրի կազմակերպիչները լավագույնս տիրապետում են ոլորտին և գիտեն մրցունակ մասնագետ պատրաստելու գաղտնիքը»։

 

Ի դեպ, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2-րդ փուլի ընդունելությունն արդեն մեկնարկել է, մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://armdsforb.wordpress.com/:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ: