11.10.2006 | 
Հասարակություն
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ տնտեսագիտության ֆակուլտետների մեկական ուսանող այսուհետ կստանան Անաստաս Միկոյանի եւ Գրիգոր Հարությունյանի անվան կրթաթոշակներ:

«Անաստաս Միկոյան» հիմնադրամը, որի գումարներով համալսարանականները կրթաթոշակներ կստանան, Հայաստանին մեծ աջակցություն է ցուցաբերել երկրաշարժի եւ Ղարաբաղյան շարժման տարիներին:

Հոկտեմբերի 11-ին ԵՊՀ այցելեց ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի դուստր, Անաստաս Միկոյանի հարս եւ Ստաս Նամինի մայր Նամի Միկոյանը: Հայտնի երաժշտագետը եւ գրողը հաճախ է այցելում Հայաստան: «Ամեն անգամ անպայման ժամանակ եմ գտնում զբոսնելու Երեւանի փողոցներում: Արարատին նայելը ինձ անափ հանգստություն է պարգեւում: Անպայման այցելում եմ Վեհափառին, գնում եմ Գառնի: Այսքանից հետո միայն անցնում եմ իմ ամենօրյա գործերին»,- ասում է տիկին Միկոյանը:

Մեծ քաղաքական գործիչների ընտանիքներում մեծացած եւ ապրած կինը հետաքրքիր ու բազմազան կյանք է ունեցել: «Մեկ ապրել եմ Կրեմլում եւ ճաշակել ամենաթանկ ուտեստները, մեկ էլ միայն հաց ու պանիր եմ ունեցել ուտելու: Կարեւորը դա չէ: Կարեւորը իրական արժեքների գնահատումն է»,- ասում է նա:

Նամի Միկոյանը հեղինակ է երկու գրքերի. մեկը 1999 թ-ին լույս ընծայած «Գաղտնի պատմություններ» հուշագրությունն է, մյուսը` 2001-ին հրատարակած Գրիգոր Հարությունյանի մասին պատմող գիրքը: Հանդիպմանը ներկա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը փաստեց. «Նամին ապրում է հանուն հոր հիշատակի: Երանի ամեն ժառանգ նման լիներ նրան»: Հյուրը համալսարանի գրադարանին երեք գիրք նվիրեց: «Մեծ պատիվ է գտնվել համալսարանում, հատկապես որ այս շենքը հորս օրոք է կառուցվել: Էլ չեմ խոսում այսօրվա հայ երիտասարդների մասին .ես հիացած եմ նրանց գեղեցկությամբ ու խելքով»,-նկատեց Նամի Միկոյանը:

Վերջինիս որդին` Ստաս Նամինը, Հայաստանում ռոք երաժշտության հիմնադիրներից է: 1981 թ-ին նա կազմակերպեց առաջին ռոք- փառատոնը: Նման փառատոն լինելու է նաեւ մոտ ապագայում:

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ:
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ Է». «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ: