29.09.2011 | 
Մշակույթ
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին` յուրաքանչյուր չորեքշաբթի, կինոդիտումներ են լինելու:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 28-ը անցկացնում են «Կինոաշուն» ամենամյա փառատոնը: Այս փառատոնի շրջանակներում էլ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբը կազմակերպում է կինոդիտումներ: Ուսանողները հնարավորություն կունենան դիտելու ութ հայկական վավերագրական կինոնկարներ: Երեկ` սեպտեմբերի 28-ին, կայացավ առաջին դիտումը: Էկրանին էր Արման Երիցյանի, Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը» ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են 2007 թ-ին: Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, կինոակումբի անդամներն ու ցուցադրվող ֆիլմի ռեժիսոր Լիա Սահակյանը: «Ֆիլմը շատ հետաքրքիր էր, մտածելու առիթ էր տալիս ու նաեւ շատ կոլորիտային էր»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Ոսկանյանը: Ֆիլմը մեռնող արվեստի վերջին կրողը համարվող պատանի լարախաղացի մասին է:

 

Նկարահանումները տեւել են երկու տարուց ավելի: «Մեզ համար կարեւոր էր, որ թեման արծարծված չլիներ ու մի կարեւոր խնդիր բերեր իր հետ: Նկարահանումները բավականին բարդ էին, բայց ընթացքում շատ կապվեցինք հերոսների հետ»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Լիա Սահակյանը: «Ինձ համար այսօր կարեւոր է ձեր վերաբերմունքը այս կարգի ֆիլմերի նկատմամբ, որովհետեւ դուք այս խնդիրների վաղվա տերերն եք: Սա ձեզ համար լավ հնարավորություն է ծանոթանալու հայ արդի կինոարվեստին»,- հանդիսատեսին դիմելով` նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Նույն փառատոնի շրջանակներում Ազգային կինոկենտրոնը նաեւ հայտարարում է մրցույթ` ֆիլմերի «Լավագույն գրախոսական» անվանակարգում: Ցուցադրվող ֆիլմերի մասին ուսանողների գրած գրախոսականներից երեք լավագույնները կարժանանան դրամական պարգեւների (50.000-ական, 70.000-ական եւ 100.000-ական դրամ):

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։