03.01.2023 | 
Ուսանողական, Կրթություն
ՉԻՆԱՑԻ ԵՊՀ-ԱԿԱՆԸ ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ
ՉԻՆԱՑԻ ԵՊՀ-ԱԿԱՆԸ ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ
Չինացի Ֆընգ Յանգմինգի համար Երևանի պետական համալսարանում սովորելը երկար ժամանակ երազանք է եղել: Այժմ, երբ արդեն իրականացել է երազանքը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում զարգացնում է հայերենի իմացության մակարդակը: Ֆընգը պատմել է բուհի ընտրության, երկու երկրների մշակութային նմանությունների և Ամանորը Հայաստանում նշելու մասին:

Պատմում է ինքը՝ Ֆընգը:

 

Հայերենի հանդեպ սերն ինձ բերեց Հայաստան՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ:

 

Վաղ տարիքում կարդացել էի Հայաստանի և հայերի մասին: Ինձ առավել հետաքրքրել են նշանավոր հայ կերպարներ Տիգրան Մեծը և Սասունցի Դավիթը։ Երկար տարիներ երազում էի գալ Հայաստան և համակողմանի ուսումնասիրել հայերենը: Հայերեն սովորելն առավել հեշտությամբ ստացվեց Ինդոնեզիայում շուրջ վեց տարի լեզվաբանություն ուսումնասիրելու շնորհիվ: Վստահ էի, որ Երևանի պետական համալսարանը Հայաստանի առաջատար կրթօջախն է, որտեղ կարող եմ ստանալ որակյալ կրթություն և դառնալ պահանջված մասնագետ:

 

Ես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ նաև հայերենի բարբառները:

 

Ինձ համար կարևոր էր այնպիսի համալսարանում սովորելը, որն ապահովված կլիներ նորագույն տեխնոլոգիաներով, իսկ գրադարանը` անհրաժեշտ գրականությամբ: Չնայած ԵՊՀ-ում կրթություն ստանալու առաջին տարին համընկավ համավարակի շրջանի հետ, այնուամենայնիվ դրանից կրթության որակը չտուժեց: Կարող եմ ասել, որ համալսարանի շնորհիվ է, որ այսօր ստացածս գիտելիքների շնորհիվ ես բնակվում եմ Հայաստանում և չափազանց ինքնավստահ եմ:

 

 

ԵՊՀ-ն կառույց է, որտեղ որակյալ կրթությունից զատ հնարավոր է հասնել անգնահատելի արժեք ունեցող բազմաթիվ ձեռքբերումների: 

 

Համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ Հին չինարենից հայերեն եմ թարգմանում դասական պոեզիա: Սա, իհարկե, նշանակալի ձեռքբերում է, սակայն ինձ համար մեծ արժեք ունի նաև բուհում սովորելիս նոր ծանոթություններ հաստատելը: Հետաքրքիր է շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ զրույցի առանցքային թեմաներից է Երևանի պետական համալսարանի տված կրթությունը, ընձեռած հնարավորությունները և այլն:

 

Հայերի և չինացիների միջև մշակութային նմանություններ կան:

 

Երբևէ չէի կարող պատկերացնել, որ իրարից մեծ հեռավորության վրա գտնվող երկու երկրներ կարող են մշակութային նմանություններ ունենալ: Հետաքրքիր է, որ թե՛ հայերի և թե՛ չինացիների համար առաջնային ու կարևորագույն տեղում է հասարակական բարձր արժեքներից մեկը՝ ընտանիքը:

 

Հետաքրքիր է Նոր տարին նշել այլ ավանդույթներով…

 

Հարավային Չինաստանում, որտեղ ես եմ ապրել, տոնածառի փոխարեն դրվում է մանդարինի ծառ: Մեր տարածաշրջանում Ամանորին պետք է խնձոր ուտել, քանի որ ըստ ավանդույթի՝ այն համարվում է խաղաղության և հանգստության խորհրդանիշ: Հայաստանում տոները նշելն այլ հետաքրքրություն ունի: Այստեղ չինացի ընկերներ գրեթե չունեմ, բայց իմ հայ ընկերները, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից, իրենց հետ բերել են չինական համեմունքներ, որոնք ամանորյա ուտեստների մեջ կօգտագործեմ: Բացի դրանից՝ արդեն հասցրել եմ ինչ-որ չափով բացահայտել հայկական մշակույթը. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ընկերոջս հետ Ամանորը նշելու եմ Հայաստանի գյուղերից մեկում հայկական ավանդույթներով: 

 

        

Ամանորի իմ մաղթանքն է….

 

Խաղաղությունն այն կարևոր ու գլխավոր գործոններից է, որի շնորհիվ չի խախտվում մարդկանց կրթության իրավունքը: Ցանկանում եմ, որ 2023 թվականը լինի խաղաղության ու համերաշխության տարի, և կատարվեն հայ ժողովրդի նվիրական ցանկությունները:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: