12.11.2021 | 
Հասարակություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՐՈՂ ԼՍԱՐԱՆ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՐՈՂ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարանի բացման արարողություն:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարանի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները:

 

 

«Այսօր հավաքվել ենք՝ մեկ անգամ ևս հավերժացնելու մեր ֆակուլտետի հերոսների հիշատակը: Մեր ուսանողները քաջ գիտակցում են, որ նրանք սովորելու հնարավորություն են ստացել հենց այս տղաների շնորհիվ: Մենք պարզապես պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը և հենց այս լսարանում ենք այսուհետ դիմավորելու մեր առաջինկուրսեցիներին»,- ասաց Արթուր Մկրտիչյանն ու շնորհակալություն հայտնեց ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին արագ արձագանքելու և լսարանի բացման գործընթացին աջակցելու համար:

 

 

«Զոհված համալսարանականների հիշատակին նվիրված միջոցառումները պարբերական բնույթ են կրում, քանի որ Մայր բուհի որդեգրած մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր ուսանող ու դասախոս իրենից արժեք է ներկայացնում: Մենք միշտ հիշելու ենք նրանց և մեր եկող սերունդներին էլ պետք է նույն ոգով դաստիարակենք, որպեսզի հերոսի օրինակելի կերպարը նրանց մտքում վառ մնա»,- ասաց ռեկտորի ժ.պ.-ն:

 

 

Հուշատախտակի բացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցներն արդեն լսարանում դիտեցին հերոսների մասին պատմող տեսաֆիլմ, զոհված ուսանողների մասին խոսեցին նրանց կուրսընկերներն ու զինակից ընկերները:

 

 

Այնուհետև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհ հանձնեց երիտասարդ հետազոտողների մրցույթի հաղթող ճանաչված՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Անժելա Ղալամդարյանին:

 

 

Արթուր Մկրտիչյանն ընդգծեց նաև, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ջանքերով Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ սահմանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը տրամադրվելու է «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի ուսանողներին:

 

Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած խիզախության և հայրենիքի պաշտպանության գործում մասնակցություն ունենալու համար շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց ֆակուլտետի ուսանողներին:

 

 

Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գևորգ Արշակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան: Գևորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել: Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Գևորգի մայրը հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման մասնակիցների համար:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում: