26.08.2020 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը:

 

Վերջինս, խոսելով երկու կողմերի բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության համաձայնագրի կարևորության մասին, նշեց, որ անհրաժեշտ է ՀՀ-ի  և Իրաքի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնել ու ընդլայնել:

Դեսպան Փոլադյանի խոսքով, առաջին քայլը, որը նպաստելու է հարաբերությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում, ՀՀ մի շարք բուհերի ընդգրկումն էր Իրաքի բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության կազմում, ինչպես նաև փոխհամագործակցության համաձայնագրերի կնքումը:  

 

«Իրաքի բարձրագույն կրթության և տեխնոլոգիաների նախարարության ցանկում դեռևս անցած տարի ներառված չէին ՀՀ բուհերը՝ այդ թվում ԵՊՀ-ն: ՀՀ բուհերի ճանաչում չունենալը ուսանողներին սպառնացող թերևս գլխավոր արգելքն էր,- տեղեկացրեց  դեսպանը և մանրամասնեց,- այժմ շնորհիվ  ՀՀ 7 բուհերի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրերի ուսանողները պարբերաբար կիրականացնեն  փոխայցելություններ, կկազմակերպվեն գիտաժողովներ և այլն»:

 

Դեսպանի խոսքով, համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաև իրաքյան բարբառների ուսումնասիրմանը, Հայաստանում կամ Իրաքում մասնագետների պատրաստմանը, որոնք կնպաստեն ինչպես կրթական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը:

 

«Իմ նպատակն է եղել նաև Իրաքյան Քուրդիստանի բարբառների,  մասնավորապես՝ պաշտոնական լեզու համարվող սորանի բարբառի ուսումնասիրությունը հայ ուսանողների կողմից, քանի որ թե՛ Իրաքում, թե՛ Հայաստանում մենք ունենք հայ մասնագետների խնդիր»,- նշեց նա: 

 

Անդրադառնալով Իրաքում հայկական համայնքին, որը տարիների ընթացքում նոսրացել է՝ պայմանավորված մի շարք աշխարհաքաղաքական հանգամանքներով, դեսպան Փոլադյանն ասաց. «Դհոկի նահանգում մենք ունենք երկու հայկական գյուղ: Եթե հետագայում այդ համայնքներից ունենանք հայ ուսանողներ, ապա այս համաձայնագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք  և, ինչու չէ, դասավանդելու նաև այստեղ»:

 

Դեսպանի տեղեկացմամբ, հետագայում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի կնքում ԵՊՀ-ի և Բաղդադի, ինչպես նաև Բարսայի համալսարանների միջև:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան լսարանի բացումը:
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։