08.07.2022 | 
Կրթություն, Հասարակություն
ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ-ի և «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ միավորելու ջանքերն անօրգանական, անալիտիկ, կենցաղային քիմիայի, հանքահումքային, պոլիմերային արտադրության և այլ ոլորտներում գիտահետազոտական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու համար:

Նոր համաձայնագրով ԵՊՀ-ն և «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ն համագործակցելու են հանքահումքային արտադրության և ժամանակակից շինանյութերի արդյունաբերության ոլորտներում միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրական տեխնոլոգիաների մշակման ու ներդրման, շուկայի որակի բարելավման, ոլորտին սպասարկող մասնագետների վերապատրաստման, երիտասարդ մասնագետների, ինչպես նաև համապատասխան մասնագիտացմամբ սովորողների հմտությունների զարգացման ուղղություններով։

 

 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով բուհ-գործարար աշխարհ համագործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնեց «Մարկո գրուպ 7» ընկերությանը պատրաստակամության համար՝ փաստելով, որ որակյալ շինանյութի առկայությունն անհրաժեշտություն է, ինչին հնարավոր կլինի հասնել համատեղ ջանքերով։

Հ․ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա» էքսպոյին մասնակցելու և հետաքրքիր տաղավարով ներկայանալու համար, ապա այդ կապակցությամբ «Մարկո գրուպ 7» ընկերության տնօրեն Գոհար Հովհաննիսյանին հանձնեց շնորհակալագիր։

 

 

«Մենք բարձր ենք գնահատում այս համագործակցությունը, և վստահաբար կարող եմ ասել, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական։ Մեր ընկերության գլխավոր նպատակն է ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հասնել Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկի՝ հանքահումքային արտադրության զարգացմանը»,- իր խոսքում նշեց Գ․ Հովհաննիսյանը։

 

 

Տեղեկացնենք, որ ըստ համաձայնագրի՝ կողմերը համատեղ կազմակերպելու են ուսանողների պրակտիկաներ, լաբորատոր և գործնական պարապմունքներ, աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ, իրականացնելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական համատեղ աշխատանքներ, մասնակցելու են միջազգային դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՎԶԿԱՊՆԵՐ
Սոցիալական մանկավարժի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ մակավարժության և կրթության զարգացման կենտրոնում կայացավ առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նրանց հանձնվեցին կրծքանշաններ և խորհրդանշական վզկապներ։