19.02.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ԳԻՐՔՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՐԺԵՔ Է
ԳԻՐՔՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՐԺԵՔ Է
Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Մեծ գրողի ծննդյան օրվա առթիվ ամբողջ Հայաստանում հայտարարված է գրքի նվիրատվության տոն: Այսպիսի տոն ունենալու գաղափարը հղացել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն անցյալ տարի` հոկտեմբերին, հենց Հովհ. Թումանյանի ծննդավայրում` Դսեղում:

 

Գրքի նվիրատվության օրվա առթիվ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները` ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ, հանդիպում էին կազմակերպել Գրողների միության երկրորդ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հետ: Իսկ հանդիպմանն ուսանողները եւ դասախոսները դատարկաձեռն չէին եկել. ֆակուլտետի նորաբաց ընթերցասրահին իրենց մակագրությամբ գրքեր էին նվեր բերել: «Ես ուրախ եմ, որ մեր մասնաշենքում շուտով ընթերցասրահ ենք ունենալու, այլևս չենք ծուլանա գրադարան գնալ կամ ընթերցասրահում գիրք կարդալ»,- ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սարգսյանը:

 

Գրադարանի, ընթերցասրահի նախաձեռնողը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետում պատմեցին, որ գրադարանն արդեն կահավորվել է, գրքերը և պահարանները բերվել են: Հիմնականում գրադարանում կլինեն հայոց լեզվի և գրականության համար նախատեսված ծրագրային գրքեր, գեղարվեստական գրականությունից բացի, կլինեն ակադեմիական հատորյակներ: Գրքերն ընթերցասրահին են նվիրել ԵՊՀ կենտրոնական գրադարանը, ֆակուլտետի դեկանը, դասախոսները: Ի դեպ, ֆակուլտետի դասախոսները հույս ունեն, որ ուսանողներն ընթերցասրահում շատ գրքեր կկարդան, անգամ հերթեր կգոյանան:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը դահլիճում հավաքված ուսանողներին եւս մեկ անգամ հիշեցրեց Հովհաննես Թումանյան գրողի, քաղաքական գործչի, իսկական հայի, տաղանդավոր անհատի, հայրենասերի անգնահատելի մեծության մասին. «Նրա թողած գրական մեծ ժառանգությունն այսօր էլ շարունակում է մեզ ազնվացնել, ավելի հայրենասեր ու մաքուր դարձնել: Սիրելի´ ուսանողներ, ըմբռնումով մոտեցեք գիրք նվիրելու տոնին, սիրեք, պաշտեք գիրքը, այն դարձրեք ձեր ընտանիքի անդամ, հիշեք` միայն գիրքը կարող է անփոխարինելի հաճույք պատճառել ձեզ»:

 

 

Գրողների միության երկրորդ քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը բոլորին շնորհավորեց գրքի նվիրատվության տոնի առթիվ: Բանաստեղծը Հայ բանասիրության ֆակուլտետի նորաստեղծ ընթերցասրահին նվիրեց իր «Գիշերահավասար» եւ «Բաց դռների օրը Մհերի քարայրում» բանաստեղծությունների ժողովածուները: Իսկ բանասեր ուսանողներին հիշեցրեց. «Թումանյանն ավելի հանճարեղ է, քան բանաստեղծը, նա այն թթխմորն է, որից հունցվում է հայրենիքը»:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։