«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կենսունակ չեն» թեմայով բանավեճի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին քաղ. գիտ. թեկն. Ալեքսանդր Սարգսյանը, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Աշոտ Կարապետյանը, դոցենտ Էդգար Քալանթարյանը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմության ընթացքում ՈԻԽ-ի գիտակրթական հանձնաժողովի պատասխանատուի գլխավորությամբ առաջին անգամ ստեղծված բանավեճի մասնագիտական ակումբի նպատակն է բացահայտել տաղանդավոր հռետորներին և քննադատական մտածողությամբ, վերլուծական միտք ունեցող ուսանողներին, նրանց մեջ ամրապնդել մասնագիտական, հաղորդակցման և բանակցային հմտությունները, խոսքի և վարվեցողության էթիկան՝ առաջնորդվելով գրագետ քաղաքական գործչի արժանիքներով:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Աննա Դարբինյանը, խոսելով իր նախաձեռնությամբ մասնագիտական բանավեճեր կազմակերպելու կարևորությունից, ընդգծեց. «Մասնագիտական ակումբի մեկնարկը տրվել է այս տարի, և լիահույս ենք, որ այն կկրի շարունակական բնույթ: Կարելի է ասել, որ մեր ֆակուլտետի համար այսպիսի բանավեճեր կազմակերպելը կենսական պահանջ է, որովհետև մեր ֆակուլտետում են սովորում այն ուսանողները, որոնք հետագայում պետք է բանավիճեն տարբեր հարթակներում իբրև մասնագետներ»:
Կարևորելով ֆակուլտետում բանավեճերի կազմակերպումը՝ ժյուրիի անդամ Էդգար Քալանթարյանը նշեց. «Լավ դիվանագետների, ինչպես նաև կառավարման ոլորտի ապագա ներկայացուցիչների համար այսպիսի քննարկումները բավականին ողջունելի են: Թիմերի երկու ներկայացուցիչներն էլ արտահայտեցին այնպիսի մտքեր, որոնց կարելի էր և՛ համաձայնել, և՛ ոչ, բայց կարևորն այն է, որ նրանք ներկայացան բանավեճի կանոններին համապատասխան, և զգացվում էր մասնակիցների մեծ ոգևորությունը»:
Հաղթող թիմի անդամ Կառլեն Վարդանյանը, խոսելով իրենց հաղթանակից, ասաց. «Ինձ համար պարտավորեցնող էր ներկայանալ որպես ֆակուլտետի մասնագիտական ակումբի առաջնության եզրափակիչ փուլ հասած թիմի անդամ: Բոլոր խաղերից առաջ էլ ունենում ենք նույն տրամադրվածությունը, և կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ խաղից առաջ միշտ սպասում են իրենց հաղթանակին։ Մենք ևս բացառություն չենք այդ հարցում ու շատ ուրախ ենք, որ մեր սպասելիքներն արդարացան»:
Շարունակելով թիմակցի խոսքը՝ Մայիս Խուդավերդյանը նշեց. «Ցանկացած խաղից առաջ միշտ ունեցել ենք մտավախություն, քանի որ այնպես էր ստացվում, որ մի դիրքորոշմանը մշտապես ավելի լավ էինք պատրաստվում, քան մյուսին: Զարմանալին այն է, որ վիճակահանությամբ մենք միշտ բանավիճում ենք այն դիրքից, որին նախապես պատրաստված չենք լինում, և եզրափակիչ խաղը նույնպես բացառություն չեղավ»:
Բանավեճի ավարտին երկու թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով ու մասնագիտական գրքերով: