18.12.2019 | 
Գիտություն
ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որի նպատակն արդի հայերենի բառապաշարի զարգացման հիմնախնդիրների վերհանումը, տեղի ունեցող փոփոխությունների դիտարկումն ու գնահատումն էր:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորմամբ:

 

Ներկաների թվում էին ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ներկայացուցիչներ «Տաթև» գիտակրթական կենտրոնից և ԵՊՄՀ-ից: 

 

Ներկաներին ողջունեց, գիտաժողովի արդիականության և կազմակերպման անհրաժեշտության մասին խոսեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Լեզվի գոյությամբ է պայմանավորված ժողովրդի գոյությունը,  և դրանց միասնության դեպքում միայն կարելի է խոսել գիտական առաջընթացների, նվաճումների, տեղաշարժերի և հեռանկարների մասին»:

 

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, խոսելով գիտաժողովի արդիականության մասին, հույս հայտնեց, որ գիտաժողովում հնչող զեկուցումները և ոլորտի մասնագետների հետագա անելիքներն իրենց նպաստը կբերեն հայրենագիտության զարգացմանը:

Յու. Ավետիսյանը հայերենի արդի բառապաշարի տեղաշարժերը պայմանավորեց հասարակական-տնտեսական զարգացման խնդիրներով. «Մեր բառապաշար են ներխուժում օտար բառեր ու տերմիններ, որոնց համարժեք բառերը լեզուն շատ հաճախ չի ստեղծում. առաջանում են խնդիրներ, որոնք քննարկման լուրջ առարկա են դառնում, ուստի այս գիտաժողովի ընթացքում առկա խնդիրների կարգավորման համար պետք է առաջարկվեն նոր ծրագրեր և ուղիներ»:

 

Այդ ուղիներից մեկը, ըստ ամբիոնի վարիչի, էլեկտրոնային բառարանների ընդլայնումն է:

 

«Պետք է առաջ քաշել նոր ծրագրեր, ստեղծել նոր բառարաններ, ներկայացնել դրանց կառուցվածքը, զարգացման հնարավորությունները՝ նպաստելով լեզվի ընդհանուր զարգացմանը»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Նշենք, որ նիստի ընթացքում հնչեց 11 զեկուցում, որոնք վերաբերում էին հայերենի բառային խնդիրների քննությանը:

«Տաթև» գիտակրթական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանի  զեկուցումը նվիրված էր հայերեն էլեկտրոնային բառարանի ինքնազարգացման եղանակներից մեկին:



Ըստ բանախոսի՝ էլեկտրոնային բառարանների ինքնազարգացումը, այսինքն՝ ինքնաշխատ կատարելագործումը, կարող է լինել ներքին պաշարների վերլուծության հիման վրա հակասությունների ու թերությունների վերացման, պակասությունների լրացման ճանապարհով:

 

«Էլեկտրոնային բառարանների ինքնազարգացումը ենթադրում է նաև արտաքին աղբյուրների մշակում և դրանցից անհրաժեշտ տեղեկությունների կորզում, ինչպես նաև բառակազմական ինքնասերում»,- փաստեց Հ. Զաքարյանը:

 

 

 

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։