27.09.2021 | 
Հասարակություն
ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒԺՈՎ ՓՈՐՁՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ ԵՎ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ
ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒԺՈՎ ՓՈՐՁՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ ԵՎ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ
Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչների հետ:

«Հայ-ռուսական հարաբերությունները 1991-2021 թթ.» թեմայով քննարկմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ, երկրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

 

Իգոր Ռատուշնյակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը քննարկմանը մասնակցելու հրավերի համար, այնուհետև պատմական համառոտ ակնարկ ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

 

 

«Նախևառաջ ուզում եմ ցավակցություն հայտնել այն ընտանիքներին, որոնք կորուստ են ունեցել անցած տարի այս օրը սկսված պատերազմի ընթացքում, իսկ վիրավորներին և տուժածներին շուտափույթ առողջացում եմ մաղթում: Այսօրվա մեր զրույցի թեման հայ- ռուսական հարաբերություններն են, որոնք ծավալվել են Հայաստանի անկախացումից հետո, սակայն պետք է նշել, որ ռուս և հայ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն: Մենք միասին ենք պայքարել ֆաշիզմի դեմ, միասին ենք վերականգնել մեր պետությունը՝ դրանով իսկ լավ հիմք դնելով ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար: Այս տարի լրանում է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Դինամիկ զարգացում կա գրեթե բոլոր ոլորտներում, ինչի մասին է վկայում 200-ից ավելի համաձայնագրերի առկայությունը տնտեսական, անվտանգության, գիտական, մշակութային, քաղաքական և մի շարք այլ ոլորտներում: Ընդգծեմ, որ ռուսական 102-րդ բազան անվտանգության հիմնական երաշխիքն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Այսօր մեր զինվորականները հայ սահմանապահների հետ հսկում են ՀՀ սահմանները, իսկ խաղաղապահ ուժերն ապահովում են ԼՂ բնակիչների անվտանգությունը»,- իր ելույթում ասաց Իգոր Ռատուշնյակը:

 

Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Սաֆարյանը ներկայացրեց այն  հիմնական ուղղությունները, որտեղ առավել ակտիվ են ծավալվում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները:

 

 

«44-օրյա պատերազմից հետո զգալիորեն ավելացել է ՀՀ այն քաղաքացիների թիվը, որոնք ուզում են հետևողականորեն ամրապնդել ու զարգացնել կապը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ դա են համարում հայ ժողովրդի անվտանգության հիմնական ուղին: Պետք է նշել, որ ակտիվություն է նկատվում նաև հակառուսական տրամադրությունների զարգացման դաշտում: Վերջին տասնամյակների ընթացքում մենք առաջին անգամ իսկապես զգում և տեսնում ենք թուրք-ադրբեջանական դաշինքից եկող իրական սպառնալիքները, ինչը վտանգում է մեր պետականության գոյությունը: Այս կոնտեքստում ելքը միակն է՝ զարգացնել հարաբերությունները մեր դաշնակից, գործընկեր ու բարեկամ Ռուսաստանի հետ»,- նշեց Արամ Սաֆարյանը:

 

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում եմ երկարատև, փոխշահավետ և հեռանկարային բնույթ: Միջազգային համագործակցության վարչության պետը նաև մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության, մասնավորապես ռուսաստանյան բուհերի և գիտական կենտրոնների հետ գործընկերային հարաբերությունների վերաբերյալ:

 

Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին հանդիպման ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգությանը:

 

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Երևանի պետական համալսարանը կրել է ցավալի կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները հանդիպել են «ՌեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ և քննարկել ստարտափերի ձևավորման ու զարգացման հեռանկարները և համաշխարհային շուկայում ներկայանալու հնարավորությունները: