16.07.2007 | 
Հասարակություն
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ԻՑ
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ԻՑ
Ամերիկահայ երիտասարդ Մարալ Մելքոնյանն առաջին անգամ է Հայաստանում:

Դպրոցն ավարտած ու դեռեւս բուհ չընդունված երիտասարդ աղջիկը բավականին ոգեւորված է Հայաստանում ապրելու եւ Երեւանի պետական համալսարանում ուսանելու հեռանկարով: 

«Երեւի մագիստրատուրան Հայաստանում շարունակեմ: Ուզում եմ բիզնես-կառավարման գծով մասնագիտացում ստանալ: Ինձ շատ դուր եկավ Հայաստանի Մայր բուհը: Մինչ այստեղ գալը ընկերներս եւ նրանց ծնողները, ովքեր ավարտել էին այս բուհը, պատմել էին, որ առաջնակարգ համալսարան է: Հիմա տեսա ու համոզվեցի»,- ասաց Մարալը: 

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին մեկնարկել է Համազգայինի ուսանողական 13-րդ ֆորումը: ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից եւ Կիպրոսից ժամանած 70 հայազգի ուսանողները հուլիսի 16-ին Երեւանի պետական համալսարանի հյուրն էին: 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ուսանողներին, նրանց հանգամանալից ներկայացրեց ԵՊՀ ֆակուլտետները, մասնագիտությունները, խոսեց սփյուռքահայերի կարգավիճակի, վարձավճարների մասին, կրեդիտային համակարգի ճկունության եւ ուսանողների փոխանակման ծրագրերով Հայաստանի Մայր բուհում սովորելու հնարավորությունների ու հեռանկարների վերաբերյալ: 

«Շատ ուսանողներ ունենք Իրանից: Իրանագիտություն ուսումնասիրելու համար այնտեղի երիտասարդները գալիս են Հայաստան, սովորում իրենց երկրի գրականությունը, պատմությունը, դառնում լավ մասնագետներ: Մեր իրանագետ դասախոսների մի մասը ծնվել եւ մեծացել է Իրանում, հետո եկել է Հայաստան, բարձրագույն կրթություն ստացել ու մնացել մեզ մոտ դասախոսելու»,- ասաց Արամ Սիմոնյանը: 

Նա սփյուռքահայ ուսանողներին պատմեց նաեւ, որ մի չինացի ուսանող ԵՊՀ էր եկել` հայոց պատմություն սովորելու, այդ ոլորտում մասնագիտանալու համար: Թեեւ զարմանալի է, բայց նա լավ հայերեն էր խոսում, քննություններն էլ բավականին լավ է հանձնել ու վերադարձել հայրենիք: 

Համազգայինի հայաստանյան գրասենյակի քարտուղար Թամար Շահբազյանն ասաց, որ այցելությունը ԵՊՀ ուսանողական ամենամյա ֆորումի ծրագրի կարեւոր կետերից է. «Բոլոր մշակութային եւ կրթական հաստատություններ այցելելուց առաջ մենք հարկ ենք համարում լինել Մայր բուհում: Վստահ եմ` իսկական հայկական կրթության հիմքերը դրվում են հենց այստեղ»: 

Երկշաբաթյա ծրագիրը կավարտվի հուլիսի 30-ին: Մինչ այդ սփյուռքահայ ուսանողները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի ամերիկյան համալսարան, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային կոթողներին:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: