02.10.2019 | 
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 1-Ը
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 1-Ը
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր մեկնարկել է Թարգմանության եվրասիական համաժողով 1-ը:

Համաժողովը կազմակերպել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն ու Լեհաստանի Ժեշովի պետական համալսարանը:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է ներկաներին ողջունելը. «Նմանատիպ համաժողովները լավ առիթ են պարզելու, թե ինչպիսի ներուժ ունի համալսարանը, և փորձի փոխանակում կատարելու արտասահմանցի հյուրերի հետ»:

Ռուզան Ղազարյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ժողովուրդը միակն է ամբողջ աշխարհում, որ պաշտոնապես նշում է Սուրբ թարգմանչաց տոնը:

«Այն փաստը, որ հայ ժողովուրդը նշում է Սուրբ թարգմանչաց տոնը,  վառ ապացույցն է, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ տեղ ու նշանակություն է տվել թարգմանիչների կատարած աշխատանքին՝ վերջիններիս նաև սրբերի շարքին դասելով»,- ասաց նա:

Այնուհետև ներկաներին ողջունեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:

«Վստահ եմ, որ այս գիտաժողովը կարող է հետաքրքիր կամուրջ դառնալ գիտական տարբեր դպրոցների մերձեցման, ինչպես նաև փորձի փոխանակման իմաստով,- ասաց պարոն Բարսեղյանը,- գիտաժողովը երիցս ապացուցում է, որ ֆակուլտետում արթուն է գիտական պրպտուն միտքը, ինչպես նաև ստեղծագործական և կազմակերպչական ջիղը, որ միշտ եղել է, կա և կշարունակվի»:

Գևորգ Բարսեղյանը մասնակիցներին դրական լիցքեր և մասնագիտական կարողությունների բարելավում մաղթեց:

 

Գևորգ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անվանափոխությունից հետո այս գիտաժողովն արդեն ֆակուլտետում անցկացվող թվով երկրորդն է, որն իր շուրջ է համախմբել աշխարհի տարբեր անկյուններից գիտական մտքի լուրջ ներկայացուցիչների, որոնք այս մի քանի օրվա ընթացքում, բաժանվելով  չորս խմբերի, ներկայացնելու են զեկուցումներ լեզվական տարաբնույթ ոլորտների վերաբերյալ:

Ռուզան Ղազարյանն ավելացրեց, որ Թարգմանության եվրասիական համաժողով 1-ը շարունակական բնույթ է կրելու:

«Պետք է նշեմ, որ մեր գործընկեր Ժեշովի պետական համալսարանի հետ ԵՊՀ-ն ունի  համագործակցության պայմանագիր,- ասաց ամբիոնի վարիչը,- և մեզ համար կարևոր է թարգմանաբանական ոլորտը գործնական դաշտ տեղափոխելը, այսինքն՝ հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են պետք կրթական դաշտում լավ թարգմանիչներ պատրաստելու համար»:

Ըստ Ռուզան Ղազարյանի՝ համաժողովի հիմնական նպատակն է պարզել, թե ինչ կարող է համաժողովն առաջարկել թարգմանաբանական ոլորտին. «Պետք է նշեմ, որ պատահական չէ նաև այն, որ մենք որոշեցինք մեր համաժողովի մասնակիցը դարձնել «Յուքոմ» ընկերությանը, քանի որ, մենք մտածեցինք, որ կարևոր է այս ոլորտը ևս  ներգրավել, ինչի շնորհիվ կարելի է ավելի արդյունավետ աշխատել, ինչպես նաև նոր մասնագիտություններ ստեղծել»:

Ռուզան Ղազարյանը շեշտեց, որ նմանօրինակ նորարարական մոտեցում դեռևս լեզվաբանական որևէ համաժողովի ընթացքում չի եղել:

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: