11.10.2021 | 
«ՀԱՅԸ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«ՀԱՅԸ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող, Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին։

Միջոցառումը նախաձեռնել էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանատը և ՈՒԳԸ-ն, որին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Արթուր Սուքիասյանի ծնողները, ընտանիքի անդամներն ու ընկերները:

 

Ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը, որից հետո անդրադարձավ ֆակուլտետի ուսանող, Արցախյան հերոսամարտում նահատակված Արթուր Սուքիասյանին՝ նշելով, որ շնորհալի պատանին, չնայած իր ապրած կարճ կյանքին, բոլորի հիշողության մեջ հավերժ կմնա որպես խիզախ, քաջարի ու հայրենասեր երիտասարդ. «Արթուր Սուքիասյանը կարող էր գիտնական կամ մանկավարժ դառնալ, նա պետք է ծնող դառնար, բայց, ինչքան էլ զարմանալի հնչի, նա ընտրեց հավերժի ճամփորդի ուղին՝ անցնելով մեր պատմության հերոսների գիրկը՝ իր օրինակով կրթելով երիտասարդ սերնդին»:

 

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ստեղծված գրականության մեջ Արցախյան պատերազմի արտացոլման խնդրին ու այդ ստեղծագործությունների հեղինակներին:

«Երբ կարդում ենք պատերազմին մասնակցած հեղինակների գործերն ու ծանոթանում  պատմություններին, հասկանում ենք, որը հայը հումանիստ ու վեհանձն է նաև պատերազմի ժամանակ՝ ասպետական մոտեցում դրսևորելով անգամ թշնամու նկատմամբ»,- ասաց Ժենյա Քալանթարյանը:

 

Անկախության շրջանի գրական հերոսի մասին բանախոսությամբ ելույթ ունեցավ նաև գրող Արմեն Ավանեսյանը:

 

Այնուհետև հայրենասիրական երգով հանդես եկավ Արթուր Սուքիասյանի համակուրսեցի Լուսինե Խաչատրյանը:

Արթուր Սուքիասյանի մասին պատմեց նաև նրա ուսուցիչ, Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը:

 

 

«Իր կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում Արթուրը հասցրեց գիտական 2 հոդված հրատարակել, որոնցից առաջինը գրել էր դեռևս 18-ը չբոլորած: Այն կարդալիս պարզապես ապշում ես անչափահաս պատանու իմացությամբ, աշխարհայացքի խորու­թ­յամբ և փաստերը համադրելու ու վերլուծելու կարողությամբ»,-ասաց պրոֆեսորը: 

 

Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին հուշեր Արթուր Սուքիասյանի մասին, ցուցադրվեց տեսահոլովակ, որից հետո տեղի ունեցավ հերոսի անվան լսարանի բացման արարողությունը:

 

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանը, եզրափակելով միջոցառումը, Արթուր Սուքիասյանի ապրած կյանքը նկարագրեց կարճ, բայց փաստեց, որ այն եղել է հերոսական դրվագներով լի:

 

Անի Պողոսյան