15.03.2012 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «HOLLYWOOD NON-STOP» ԾՐԱԳԻՐԸ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «HOLLYWOOD NON-STOP» ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր առաջին ելույթն ունեցավ ուսանողության համար։

Մարտի 15-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնած «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում նվագախումբը Երեւանի 8 բուհերում հանդես կգա «Hollywood Non-Stop» համերգային ծրագրով:

 

Ի դեպ, համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ թեպետ Մայր բուհի ուսանողների առօրյան հարուստ է մշակութային միջոցառումներով, սակայն դասական երաժշտության համերգներ բուհում հազվադեպ են լինում:

 

«Ուրախ ենք Երեւանի պետական համալսարանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հյուրընկալելու համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Մայր բուհի հարկի ներքո նվագախմբին հյուրընկալելու դեռեւս բազում առիթներ կլինեն»,- հավելեց ԵՊՀ պրոռեկտորը:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Քերին Ռոբլինն էլ ուրախությամբ նշեց, որ իր համար հաճելի է դահլիճում տեսնել այդքան շատ ուսանողների, ովքեր պատրաստվում են հաճույքով լսել նվագախմբի կատարումները:

 

«Hollywood Non-Stop» խորագրի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ հոլիվուդյան այլ հայտնի ֆիլմերի երաժշտություններ, ինչպես նաեւ ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլյամսի եւ այլ հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

 

 

Ուսանողներով լեփ-լեցուն դահլիճը բավականին բուռն արձագանքեց. ուսանողների ոգեւորությունը մեծ էր, ծափահարությունները` անդադար: Աննա Անդրեասովայի (առաջին ջութակ) կարծիքով` իրենք սպասում էին, որ մատուցվող երաժշտությունն ուսանողների կողմից կարժանանա նմանօրինակ ջերմ ընդունելության. «Անակնկալն այն էր, որ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ու շատ ջերմորեն դիմավորեց նաեւ մեզ` երաժիշտներիս: Այսպիսի երաժշտություն նվագելը միշտ էլ ոգեւորում է մեզ. այն շատ հաճելի է»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ասաց, որ արդեն առաջին համերգից հետո կարելի է իրենց ծրագիրը հաջողված համարել: «Եթե այս երիտասարդների մի մասը վաղվանից սկսի հաճախել նաեւ դասական համերգների, մեր հիմնական նպատակն ամբողջությամբ իրականացված կարելի է համարել»,- ավելացրեց երիտասարդ դիրիժորը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։