18.01.2007 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԳՐՔԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԳՐՔԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՊՀ գիտական գրադարանի ընթերցասրահն աշխատում է 9:00-ից մինչեւ 21:00-ն:

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփանն ամեն օր` մինչեւ երեկոյան ժամը 7-ը, պարապում է համալսարանի գիտական գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում: «Տանը փոքրիկ քույրիկ ունեմ, որ խանգարում է ինձ: Եվ այդ պատճառով գրադրանում եմ պատրաստվում բոլոր քննություններին»,- պատմում է Ստեփանը:

Չնայած ԵՊՀ գրադարանի ընթերցասրահները ամռան ամիսներից սկսած բաց են մինչեւ ժամը 21:00-ն, ուսանողներն ավելի երկար մնալ չեն կարող. ընթերցասրահներում ջերմաստիճանը ձմռան ամիսներին լավագույն դեպքում 9 աստիճան է: Ճշգրիտ գիտությունների ընթերցասրահի գրադարանավար Նառա Համբարձումյանն ասաց, որ իրենք ստիպված են էլեկտրական սալիկներ միացնել ցուրտը մի քիչ կոտրելու համար:

Բայց կոմունալ հարցերը չեն, որ կազմում են ԵՊՀ գիտական գրադարանի խնդիրների ցանկը: Նորամուծությունները բուհի գրադարանում սկսվել են դեռեւս 2006-ի ամռան ամիսներին: Նախ` բոլոր ընթերցասրահներում այսուհետ գործելու է ինքնասպասարկման սկզբունքը: «Ողջ աշխարհում ընդունված է, որ ուսանողն ինքն է փնտրում եւ գտնում իրեն անհրաժեշտ գրքերը, որոնք ոչ թե փակի տակ են, այլ մատչելի են յուրաքանչյուրի համար»,- տեղեկացրեց գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը:

Ըստ տնօրենի` ԵՊՀ ընթերցասրահներում գտնվող գրքերի 60 տոկոսը չօգտագործվող գրականություն է: «Այդ գրքերը շուտով պիտի փոխարինվեն արվեստաբանության, էկոլոգիայի, հայոց պատմության եւ մի շարք այլ առարկաների նոր գրքերով: Թե չէ հետխորհրդային գրադարանները գրքերի թանգարան են հիշեցնում»,- ասաց Աշոտ Ալեքսանյանը: Նա անդրադարձավ նաեւ գրապահարանների պակասի խնդրին` նշելով, որ համալսարանը պատվիրել է նոր գրապահարաններ ընթերցասրահների համար:

Գրադարանի զարգացման համար շատ կարեւոր է թվայնացումը: Աբոնեմենտի բաժնում շուտով կտեղադրվի 32 համակարգիչ, որոնք ուսանողները կարող են անվճար օգտագործել ինչպես ինտերնետ մուտք գործելու, այնպես էլ իրենց կուրսային, դիպլոմային աշխատանքները մուտքագրելու համար: Պարոն Ալեքսանյանը նշեց, որ շուտով կսկսեն գործել էլեկտրոնային քարտարաններ: «Մենք մշակում ենք գրադարանի տոմսերի նոր տարբերակներ: Դրանք կմուտքագրվեն համակարգիչ, եւ ուսանողը հատուկ գաղտնաբառով կկարողանա տնից գիրք պատվիրել, հետո գալ եւ ստանալ այն: Այսպիսով` մենք կխուսափենք նաեւ թղթաբանությունից,- ասաց տնօրենը:- Դա հասու կլինի 2007-08 ուստարվա բակալավրի եւ մագիստրատուրայի առաջին կուրսեցիներին»:

Առաջիկայում նախատեսվում է Տեմպուս-Տասիս ծրագրի շրջանակներում ԵՊՀ գրադարանը համալրել 400 համակարգիչով: Դրանցից մի քանիսը նախատեսված են կույր ուսանողների համար. ձայնային համակարգով հատուկ ստեղնաշար ունեն:

«Մենք գրադարանի զարգացման ծրագիր ենք մշակել: Աստիճանաբար կլուծենք բոլոր խնդիրները: Պարզապես մոտ 30 տարի կպահանջվի, որ այն դառնա միջազգային չափանիշներին համապատասխան բուհական գրադարան»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: