02.06.2008 | 
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների դահլիճում մեկնարկեց «Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով ամառային դպրոցը:
Ամառային դպրոցը կազմակերպել են «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ Երեւանի պետական համալսարանը` Բաց հասարակություն ինստիտուտ-հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: «Մեր երկրում ամառային նմանաբնույթ դպրոցների անցկացման նպատակներն են` աջակցել բարձրագույն կրթության համակարգին, հնարավորություն ընձեռել այլ երկրների տվյալ ոլորտի մասնագետներին հավաքվելու կլոր սեղանի շուրջ եւ իրականացնելու փորձի փոխանակում»,- ասում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Երկշաբաթյա դասընթացները կանցկացվեն ԵՊՀ-ում: Ծրագրին մասնակցում են բուհերի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոտ 25 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ 5 մասնակիցներ արտերկրից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Սերբիայից եւ Բուլղարիայից: Համագործակցության, ինչպես նաեւ փորձի փոխանակման նպատակով իրենց դասախոսություններով հանդես կգան Լիտվայի` Բոլոնիայի գործընթացի փորձագետ Ալգիրդաս Վալիուլիսը եւ Հունգարիայի բարձրագույն կրթության եւ գիտության խորհրդի նախագահ Գ. Բաժանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ անցկացնել կլոր սեղան ՀՀ բուհերի ռեկտորների հետ, որը կնախագահի Գ. Բաժանը: