27.11.2019 | 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ  ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն այսօր կազմակերպել էր «Աշնանային փառատոն»՝ նվիրված ամերիկյան մշակույթում ընդունված աշնանային տոնակատարություններին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

 «Աշնանային փառատոն» միջոցառման ընթացքում ուսանողներն հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով հայ և ամերիկյան մշակույթին բնորոշ առանձնահատկությունները:

Ելույթների ընթացքում ուսանողները պատմեցին հայկական ավանդույթների, զարդերի, ավանդական ուտելիքների մասին, ինչպես նաև անդրադարձան ամերիկյան «Գոհաբանություն» տոնի պատմությանն ու ավանդական ուտելիքներին, որը Միացյալ Նահանգներում նշվելու է վաղը:

Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Աննա Չիրիանի Դեանը պատմեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են համաձայնել մասնակցել միջոցառմանը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը:

Աննա Չիրիանի Դեանը նշեց, որ դասավանդման նոր մեթոդներին զուգահեռ վերջինս ցանկանում է նաև ամերիկյան ավանդական արժեքները ներկայացնել և հնարավորություն տալ ուսանողներին ծանոթանալու այդ արժեքներին:

Դրանցից մեկն էլ միջոցառումներին բարեգործական ուղղվածություն հաղորդելն է:

««Աշնանային փառատոն» միջոցառմանը պատրաստվել ենք ընդամենը մեկ ամսվա ընթացքում,- ասաց Աննա Չիրիանի Դեանը,- ուսանողները մեծ ոգևորությամբ են պատրաստվել, և շատ ուրախ եմ, որ վերջում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու նաև բարեգործությանը »:

Ելույթների վերջում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում. ուսանողները պատրաստել էին տարբեր  ուտեստներ, քաղցրավենք, որոնց վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «If We All» մանկական բարեգործական հիմնադրամին: