29.09.2006 | 
Հասարակություն
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
«Ուրախ եմ, որ ԵՊՀ նորակառույց մասնաշենքի հարեւանությամբ ձգվող գորշ պատին արված գրաֆիտիները ոչ միայն ուսանողներին արտահայտվելու հնարավորություն ընձեռեցին, այլ նաեւ լուծեցին պատի գունապատման խնդիրը»,- նկատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ նորակառույց մասնաշենքի բակում տեղի ունեցավ «Անկախությունն իմ աչքերով» ցուցահանդես-մրցույթը, որը կազմակերպել էր համալսարանի մշակույթի կենտրոնը: Ներկայացված աշխատանքները մրցում էին լավագույն լուսանկար, գեղանկար եւ գրաֆիտի անվանակարգերով:

Շուրջ երկու ժամ համալսարանի ղեկավարությունը, դասախոները եւ ուսանողները հնարավորություն ունենցան ծանոթանալ ցուցադրված նմուշներին եւ անձամբ հետեւել գրաֆիտի անողների աշխատանքի ընթացքին: Համալսարանի պատմության մեջ նորություն էր, ոչ միայն գրաֆիտին, այլ նաեւ կենդանի ռոք երաժշտությունը. միջոցառման ողջ ընթացքում ներկաների համար ելույթ ունեցավ «Gor & friends» ռոք խումբը:

«Շատ լավ մտահաղացում է, հատկապես գրաֆիտիի եւ ռոքի համադրությունը: Երաժշտության առկայությունը կարեւոր է, որովհետեւ գրաֆիտի անողներիս աշխատանքներում երաժշտությունն էլ է իր ազդեցությունը թողնում»,-ասաց մրցույթի մասնակից Խորեն Սարգսյանը:


Վերջում Հայաստանի երիտասարդ նկարիչների միության նախագահ Աննա Հարությունյանի ղեկավարած ժուրիի կազմն ամփոփեց մրցույթի արդյունքները:

Լավագույն լուսանկար ճանաչվեց պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի ուսանողուհի Անուշ Մարգարյանի աշխատանքը: Լավագույն գեղանկար անվանակարգում հաղթեց մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյան, իսկ լավագույն գրաֆիտին ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Տիգրան Բայրամյանն էր:

«Հայ ազգը աշխարհին նախ եւ առաջ իր արվեստով է ներկայանում,- ասաց մրցույթի ժուրիի անդամ, նկարիչ Մարտիրոս Բադալյանը,- ողջունելի է, որ վերջապես արվեստը առանձնակի ուշադրության է արժանանում, եւ կրկնակի ողջունելի է, որ նման միջոցառումը իրականացնում է Երեւանի պետական համալսարանը»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: