23.10.2019 | 
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ 90 ՏՈԿՈՍՆ ԱՌԱՆՑ ՍՆԿԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ, ԵՎ ԴԱ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՀ-ՈՒՄ
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ 90 ՏՈԿՈՍՆ ԱՌԱՆՑ ՍՆԿԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ, ԵՎ ԴԱ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՀ-ՈՒՄ
Հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» թեմայով գագաթնաժողովը:

Գագաթնաժողովը կազմակերպել էին Հայաստանում ամերիկյան համալսարանի Յակոբեան  բնապահպանական կենտրոնը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

Վերջինիս նպատակն է նպաստել Հայաստանի անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց ու ակտիվ քննարկումներին՝ Հայաստանում և արտերկրում անտառների պահպանության ու վերականգնման ոլորտները բարելավելու համար:

Միջազգային գագաթնաժողովին իր մասնակցություն է ցուցաբերել նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:

Մեզ հետ զրույցում ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանը նշեց, որ միջազգային գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ խոսել է անտառային կենսաբազմազանության, սնկերի պահպանման խնդրի և ուսանողների՝ բնապահպանական ծրագրերին ու ուսումնասիրություններին ներգրավվածության մասին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես գիտաակադեմիական ոլորտը ներառել անտառային կենսաբազմազանության ուսումնասիրություների մեջ, Սիրանուշ Նանագյուլյանը նշեց, որ այս հարցում կարևոր է Հայաստանի մասնագետների ընդգրկումը տարբեր գիտահետազոտական ծրագրերում:

«Երևանի պետական համալսարանը Հայաստանում միակ բուհն է, որը պատրաստում է սնկաբաններ,- ասաց Սիրանուշ Նանագյուլյանը,- և լավ կլիներ, որ հենց մեր մասնագետները մասնակցեին տարբեր ծրագրերի, ուսումնասիրություններ կատարեին, որոնց մասնակիցները, որպես կանոն, քիչ են լինում»:

Ելույթում ԵՊՀ ամբիոնի վարիչը նշեց նաև, որ առանց սնկերի անտառը կարող է խեղդվել, ուստի սնկերն անտառի հետերոտրոֆ բլոկի կարևոր բաղադրիչն են, որոնք ծառատունկի կամ անտառվերականգնման կարևոր մասը պետք է լինեն:

 

«Առանց սնկատեսակների, որոնք համակեցության մեջ են մտնում ծառերի արմատների հետ, դրանք լավ չեն աճում,- պարզաբանեց Սիրանուշ Նանագյուլյանը,- բուսական աշխարհի 90 տոկոսն առանց սնկերի հետ համակեցության չի կարող ապրել, որը պարտադիր պետք է ուսումնասիրել»:

Սիրանուշ Նանագյուլյանը պատմեց նաև, որ գիտաժողովի երկրորդ օրը տեղի է ունեցել այցելություն «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ հյուրերին տեղեկատվություն է տրամադրվել «Դիլիջան» ազգային պարկի ստեղծման և նախկինում արգելոց լինելու մասին:

Հյուրերն այցելել են նաև Մարգահովիտ գյուղի անտառ, ծառերի տնկարան և բնապահպանական կրթության կենտրոն:

«Այցելությունները բավականին հետաքրքրիր և օգտակար էին թե՛ օտարերկարցի հյուրերի և թե՛ տեղացի ուսանողների համար,- ասաց Սիրանուշ  Նանագյուլյանը,- 12 տարի առաջ, երբ մահացել է Հրանտ Դինքը, Մարգահովիտ գյուղի հարակից տարածքում տնկվել է Հրանտ Դինքի հիշատակի անտառ՝ 54 հազար սոճիով. 54-ը խորհրդանշում է Հրանտ Դինքի տարիքը»:

Գագաթնաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ողջունել է մի տարվա ընթացքում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը:

«Իհարկե, Հայաստանի նման փոքր տարածք ունեցող լեռնային երկրի համար այս ծրագիրը շատ մարտահրավերային է,- նշեց ԵՊՀ ամբիոնի վարիչը,- գագաթնաժողովի ընթացքում քննարկվեց նաև տարբեր կազմակերպությունների և համայնքների մասնակցությունն այս  ծրագրին»:

 

 

Գիտաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև ամբիոնի ասպիրանտ Անուշ Ստեփանյանը՝ «Սնկերի դերը Հայաստանի անտառավերականգնման գործում» թեմայով:

 

Մեզ հետ զրույցում Սիրանուշ Նանագյուլյանը նաև նշեց, որ ամբիոնն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում է 1999-ից, և համատեղ շատ ծրագրեր են իրականացվել:

Գագաթնաժողովի վերջին օրը տեղի ունեցավ այցելություն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի «Կարինի» տնկարան:

Անի Պողոսյան