27.03.2014 | 
Մշակույթ
ԱՐԱՐԱՏԻՑ ԵՎՐՈՊԱ. ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՆԳԱՌԸ ԵՊՀ-Ն ԷՐ
ԱՐԱՐԱՏԻՑ ԵՎՐՈՊԱ. ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՆԳԱՌԸ ԵՊՀ-Ն ԷՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբում ցուցադրվեց «Արարատից Եվրոպա» ֆիլմը:

Թեև ֆիլմը հայկական է, բայց ցուցադրվում էր Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Անցած շաբաթ արդեն ցուցադրվել են ֆրանսիական արտադրության 3 ֆիլմեր: Ինչպես և նախկինում, այս անգամ էլ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ:

 

«Ցուցադրման համար հենց այս ֆիլմը ընտրեցինք, որովհետև հետաքրքիր էր ֆիլմի ստեղծման պատմությունը, բայց ավելի դուր եկավ ֆիլմի գաղափարը: Դրսում գտնվող հայ մարդու համար շատ կարևոր է, որ իր երկրի, մշակույթի մասին ճիշտ պատկերացում կազմեն: Ֆիլմում կան հետաքրքիր փաստեր, թե ինչպես է հայկական մշակույթն ազդել եվրոպականի վրա, այլ ոչ թե հակառակը»,- այսպես է ֆիլմի ընտրությունը հիմնավորում Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանի գլխում գաղափարը ծագել է դեռևս 2007 թ-ին, երբ նա կարդացել է Ալեքսանդր Ամֆիտեատրովի՝ 1911 թ-ին գրված մի հոդված հայերի մասին. «Ցարական Ռուսաստանը Կովկասում հայերին ներկայացնում էր որպես վաշխառուներ, առևտրականներ, ու վատ էին տրամադրված հայերի դեմ: Ես էլ որոշեցի ֆիլմ նկարել ու ցույց տալ, որ հայերը ոչ միայն առևտրի մեջ են հաջողակ եղել, այլև տարբեր բնագավառներում»:

 

«Արարատից Եվրոպա»-ն պատմում է Արարատի երկրից Եվրոպա գնացած քրիստոնեական մշակույթի մասին: Առաջին 10 րոպեները պատմում են Հայաստանի մասին դեռ վաղնջական ժամանակներից, որպեսզի դիտողը դա որպես հիմք ընդունի ֆիլմը հասկանալու համար: Այնուհետև պատմվում են Եվրոպայում սրբացած հայերի, ինչպես նաև կենտրոնագմբեթ եկեղեցիների ստեղծման ու տարածման ճարտարապետության մասին: Ֆիլմի մի հատվածով էլ ցույց է տրվում, թե ինչպես է  Լեոնարդո Դա Վինչին տարածել այդ ճարտարապետությունը:

 

«Միայն այս ֆիլմը պատրաստելու համար կարդացել եմ շուրջ 60 գիրք ու հոդված՝ էությունը ճիշտ հասկանալու համար: Մինչև նկարահանելը գնացել եմ եվրոպական մի քանի երկրներ, որպեսզի ճշտեմ փաստերի իսկությունը: Նկարահանումների մեծ մասը կատարվել է Եվրոպայում՝ Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա: Այսինքն՝ գնացել ենք Հայաստանից գնացածի հետքերով»,- պատմում է հեղինակը:

 

«Արարատից Եվրոպա» ֆիլմի աշխատանքները տևել են 3 տարի, իսկ երկու տարի ծախսվել է դրա՝ 4 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) թարգմանության վրա: Նշենք, որ ֆիլմն արդեն ունի 30 արտասահմանյան ցուցադրություն, մասնակցել է բազմաթիվ փառատոններում, իսկ, օրինակ, Վարշավայի համալսարանում էլ այն օգտագործվում է որպես ուսումնական նյութ:

 

ԵՊՀ-ում կայացած ցուցադրությանը հաջորդեց քննարկումը, որին մասնակցում էին ֆիլմը հեղինակը, ռեժիսոր Արտակ Ավդալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներ Աշոտ Համբարձումյան ու Նունե Գալստյանը: 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: