23.09.2009 | 
Գիտություն, Հասարակություն
ԱՆԿԱԽՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱ՞Ն,  ԹԵ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ
«Սեպտեմբերի 21-ն ազգային ինքնորոշման օրն է, ոչ թե անկախության»:

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանդիպումը նվիրված էր ՀՀ անկախության 18-րդ տարեդարձին, որը կազմակերպել էր նույն ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Պարույր Հայրիկյանն ուսանողների համար հակիրճ դասախոսություն կարդաց անկախության ձեռքբերման անհրաժեշտության, այդ ճանապարհին ծառացած բազմաթիվ խոչընդոտների եւ ձեռք բերած հաղթանակների մասին:

 

«Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող բոլոր լուրջ կուսակցություններն էլ այն կարծիքին են, որ Անկախության օրը մայիսի 28-ն է: Սակայն, չգիտես ինչու, այս օրն Ինքնորոշման օր կոչելու օրենսդրական նախաձեռնությունը հետաձգվում է»,- հավելեց նա: Ըստ բանախոսի, պատմական ճշմարտությունն այն է, որ մի քանի 100 տարվա պետականության կորստից հետո հայ ազգն իր պետականության անկախությունը վերականգնել է 1918թ-ի մայիսի 28-ին, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայերն արդեն անկախ էին, պարզապես այդ օրը մենք ազգովի անկախության գաղափարին «այո» ասացինք:

 

«Սեպտեմբերյան այդ օրվա խորհուրդն այն է, որ մեր ազգը պատմության մեջ առաջին անգամ կարողացավ ազգային հավաքականությամբ «այո» ասել ազգային վեհ նպատակին. դրանով ավելի կայուն ու հաստատուն հիմքերի վրա դրեց մեր պետականությունը: Այսքան տարիների մեծագույն ձեռքբերումն այն էր, որ ազատվեցինք ռուսական իմպերիալիզմի լծից եւ միջազգային իրավունքի սուբյեկտ դարձանք»: «Իսկ ինչ վերաբերում է բացթողումներին, ապա առայսօր մենք մնում ենք աշխարհի միակ ազգը, որ չունի միասնական ուղղագրություն:

 

Ժողովրդավարության հարցում դեռ քայլեր ունենք անելու, սակայն չենք անում: Իր բոլոր թերություններով հանդերձ այս 18 տարիները մեր մեծագույն ձեռքբերումն են, եւ մենք պետք է այն ըստ արժանվույն պահպանենք եւ գնահատենք»,- եզրափակեց նա:

 

Իսկ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը պատմաբան ուսանողներին նախ հորդորեց ուշադիր լինել յուրաքանչյուր պատմական իրադարձության նկատմամբ, ապա հավելեց.«Դուք անկախության սերնդի ներկայացուցիչներ եք, եւ ձեզ վիճակված է ապրել ազատ ու անկախ հայրենիքում: Հիշե՛ք` մեր պետությունն անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհ է անցել: Զարգացման ուղին հաղթահարող մեր երիտասարդ պետությունն այսօր բանիմաց քաղաքացիների կարիք ունի»:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։