20.11.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՀԱՂԹԵՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՀԱՂԹԵՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում վճիռ կայացվեց հօգուտ հայցվորի:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր արդեն երկրորդ անգամ կազմակերպվել էր էկոլոգիական թեմայով միջբուհական դատախաղ: Էկոլոգիական բնույթի դատախաղերի կազմակերպմանն աջակցում է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնը: Այս անգամ վարչական դատարանում հայցվոր եւ պատասխանող կողմերը ներկայացնում էին ԵՊՀ եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետների 4-րդ կուրսի 3-ական ուսանողներից կազմված խմբերը:

 

«Ուսանողներին ներկայացված դատական գործն իրական հիմքեր ունի: Պարզապես, էթիկայից ելնելով, փոխել ենք սուբյեկտներն ու քննվող գործի պայմանների մի մասը»,- տեղեկացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը: Դատախաղում քննվող գործի համաձայն` վարչական դատարանը մերժել էր բնապահպանական գործունեություն ծավալող 3 ՀԿ-ների հայցադիմումը ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: ՀԿ-ները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել են հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը:

 

Դատախաղի մասնակիցները իրական դատական պրոցեսի միջոցով պետք է պարզեին` հիմնավորված է արդյոք ՀՀ վարչական դատարանի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը: Դատը նախագահում էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը: Դատախաղի մասնակիցները շուրջ մեկ ամիս ժամանակ ունեին գործին ծանոթանալու համար: Ուսանողները ստիպված էին մանրամասն ուսումնասիրել այն, քանի որ դատից ընդամենը 30 րոպե առաջ վիճակահանությամբ որոշվեց, թե որ թիմը դատական գործի որ կողմն է ներկայացնելու: «Նման դատախաղերի ժամանակ հաղթել-պարտվելու խնդիրը երկրորդական նշանակություն ունի:

 

Այստեղ առանցքայինը ձեր գիտելիքները կիրառելու ու անհրաժեշտ տեղեկատվությունը մասնագիտորեն արտահայտելու ունակությունն է: Կարեւոր է նաեւ դատական գործի թեման: Հուսով եմ` նմանօրինակ պրակտիկայով կբարձրացնենք էկոլոգիական իրավունքի դերը մեր երկրում»,- ուսանողներին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Շուրջ մեկ ժամ տեւած դատի արդյունքում դատավորը որոշեց բավարարել հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցը:

 

«Մեր թիմի ներկայացուցիչների համար սա աննախադեպ փորձ էր, հրաշալի առիթ մեր ունեցած գիտելիքները կիրառելու պրակտիկ գործում: Մեզ համար սա առաջին փորձն էր, ու մի քիչ հուզված էինք: Հաջորդ անգամ, համոզված եմ, որ շատ ավելի վստահ ելույթ կունենանք»,- ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Վարդան Ռամազյանը: Դատից հետո դատավոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ ուսանողների աշխատանքից շատ գոհ է:

 

«Դուք հմուտ մասնագետի կեցվածք ունեիք: Մի քանի տարվա փորձ ունեցող փաստաբաններն էլ հաճախ հուզվում են դատի ընթացքում: Սկզբում մտածում էի, թե շատ կլարվեք, հուզմունքը կդժվարացնի մեր աշխատանքը: Բայց դուք բավականին վստահ էիք ու կազմակերպված»,- ուսանողներին ողջունեց դատավոր Հակոբյանը: Դատախաղի վերջում մասնակից ուսանողները նվեր ստացան էկոլոգիական իրավունքին վերաբերող գրքեր:

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1938 թվականին, իսկ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ 1943 թվականին: