Երևանի թիվ 182 ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ:
Դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը դիմորդներին ներկայացրեց ֆակուլտետը, մասնագիտության արդիականությունը, մերօրյա պահանջարկն ու ընդունելության կարգը. «Դիմորդներին փորձում ենք ներգրավել բնագիտական ոլորտում և ցույց տալ քիմիան իր ողջ փայլով»: Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանն աշակերտների հետ խոսեց հալոգենների մասին, ապա միասին մի քանի գիտափորձ իրականացրին:
Քիմիայի ֆակուլտետ այցելեցին նաև Երևանի թիվ 170 ավագ դպրոցի աշակերտները:
«Էլեկտրոլիտների լուծույթներ և հիդրոլիտներ» թեմայով դասախոսություն ներկայացրեց դոցենտ Գևորգ Գրիգորյանը, ապա գիտափորձերի միջոցով թեման ամրապնդեցին ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ, ք. գ. թ. Հասմիկ Շիլաջյանի հետ:
Աշակերտները քիմիական նյութերով գիտափորձերի շնորհիվ ծանոթացան ֆակուլտետի լաբորատորիային և ժամանակակից սարքավորումներին:
Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի սաներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ։
Համալսարանում նրանք հանդիպեցին դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանի հետ: Վերջինս աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, կրթական ծրագրերը, ապա միասին շրջեցին ֆակուլտետի 7 ամբիոններով: Կ. Ղազարյանը կարևորեց մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվող նմանատիպ այցերը. «Սա հնարավորություն է, որ աշակերտներն ավելի մանրամասն ծանոթանան ֆակուլտետի յուրաքանչյուր լաբորատորիայում անցկազվող հետազոտություններին և պատկերացնեն, թե հետագայում ինչ մասնագետ կարող են դառնալ` ընդունվելով այս ֆակուլտետ»:
Վերջում աշակերտները շրջայց կատարեցին ԵՊՀ պատմության թանգարանում:
Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ:
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը և դասախոս Լիլիթ Ղազարյանը ներկայացրին ԵԼՀ ֆակուլտետը, լեզվաբանի մասնագիտության առանձնահատկությունները՝ կարևորելով միջմշակութային հաղորդակցման հմտությունների դերը ներկա ժամանակաշրջանում: Կարևորելով աշակերտների այցը ԵՊՀ՝ Շուշանիկ Պարոնյանը նշեց. «Մարզերի աշակերտների հետ նման հանդիպումները շատ ողջունելի են: Դրանք հնարավորություն են տալիս, որ մասնագիտական խորհուրդների կարիք ունեցող դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստանան բավարար տեղեկատվություն»:
Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Այցի ընթացքում քննարկվեց «Փախստականների և ապաստան հայցողների միջազգային և ներպետական պաշտպանություն» թեման, որը ներկայացրին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Սեդա Վաղարշյանը և Սաթենիկ Մկրտչյանը։ Կարևորելով նմանատիպ այցերը՝ «Իրավունք բոլորի համար» ծրագրի ղեկավար Նաիրա Ավետիսյանը նշեց. «Աշակերտների հյուրընկալումը ֆակուլտետում բացառիկ հնարավորություն է դպրոցականների համար՝ տեղում ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դրանում համոզվում ենք ոչ միայն քննարկումներում աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ, այլ նաև նմանատիպ այցերը հաճախ կրկնելու բազմաթիվ առաջարկներով»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետում Երևանի դպրոցների աշակերտների համար անցկացվեց դասախոսություն «Արցախի Տիգրանակերտը» թեմայով:
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Արցախի Տիգրանակերտը՝ որպես մշակութային հետազոտության և գործունեության օրինակ: Հ. Պետրոսյանը պատմեց նաև, թե ինչպես են հայտնաբերել քաղաքը. «Դա պահանջում էր գրավոր սկզբնաղբյուրների մանրամասն հետազոտություն, դաշտային մանրամասն աշխատանք, քարտեզների կազմում, հնագիտական հետախուզական աշխատանքներ»։ Բանախոսը ներկայացրեց, թե ինչ կարևոր դերակատարում է ունեցել Տիգրանակերտը հայ ինքնության ամրապնդման և հիշողության վերականգնման գործում։
Աշակերտներին ներկայացվեց նաև ԵՊՀ մշակութաբանության բաժնի գործունեությունը, ուսուցման համակարգը, հետագայում աշխատանքի հնարավորությունները, առկա համագործակցությունները, ծրագրերը և դասախոսական կազմը։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ այցելեցին Երևանի թիվ 139, 112, 190, 94, 95, 182, 16, 115, 142, 148, 198, 144 ավագ դպրոցների աշակերտները:
Նրանց համար «Քաղաքագիտությունը՝ որպես կոչում և մասնագիտություն» թեմայով դասախոսություն կարդաց քաղաքագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալեքսանյանը: