25.01.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի:

«Էրազմուս+» շարժունության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է հետևել ծրագրին վերաբերող հայտարարություններին, որոնք ուղարկվում են ԵՊՀ ուսանողների համալսարանական էլհասցեներին, ինչպես նաև տեղադրվում են ԵՊՀ կայքէջի «Օրացույց» բաժնում և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության՝ կայքէջի համապատասխան բաժնում:

 

Շարժունության ծրագրերի դիմումների ընդունման գործընթացը կազմակերպում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Մասնակցության դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել վարչություն յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր և հունվար-փետրվար ամիսներին:

 

Դիմումներին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրական,
  • ակադեմիական տեղեկագիր,
  • մոտիվացիոն նամակ,
  • ուսումնառության համաձայնագիր:

Փաստաթղթերը ներկայացնելու գործընթացից հետո վարչության կողմից ձևավորված հանձնաժողովը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կազմակերպում է հարցազրույց, որից հետո կատարում է թեկնածուների նախնական ընտրություն․ հանձնաժողովը գնահատում է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը և լեզվի իմացությունը՝ ըստ հաստատված միավորների (ինքնակենսագրական՝ 20 միավոր, ակադեմիական տեղեկագիր՝ 25, մոտիվացիոն նամակ՝ 20, լեզվի իմացություն՝ 20, ուսումնառության համաձայնագիր՝ 25):

 

Հարցազրույցի փուլը հաղթահարելուց, ընդունող բուհի հաստատումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի դեսպանատուն՝ մուտքի «D» կարգի արտոնագիր (Visa) ստանալու համար:

 

Նշենք, որ՝

  • արտերկրում ուսումնասիրվող դասընթացները պետք է համապատասխանեն ուսանողի ուսումնական ծրագրին և կրթական պահանջներին (օրինակ՝ «Նյութագիտություն» կրթական ծրագրի ուսանողը չի կարող դիմել լեզվաբանական ուղղվածությամբ, «Արվեստաբանություն» կրթական ծրագրի ուսանողը չի կարող դիմել մաթեմատիկական ուղղվածությամբ և այլն),
  • ուսումնառության ընթացքն արտերկրում նախատեսում է մեկ կիսամյակում 30 ECTS-ին համարժեք կրթական բաղադրիչներ,
  • ուսանողը կամ ասպիրանտը կստանա «Էրազմուս+» դրամաշնորհ, որը նախատեսված է տեղափոխման և կեցության ծախսերը հոգալու համար (սահմանվող դրամաշնորհի չափը կարող է տարբեր լինել՝ կախված ուղարկող և ընդունող երկրների միջև հեռավորությունից, դիմող ուսանողների թվից և այլ նախապայմաններից),
  • ծրագրին չեն կարող մասնակցել ավարտական կուրսի երկրորդ կիսամյակում սովորող ուսանողները։

Առավել մանրամասն տեղեկություններ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և ֆինանսավորման մասին հնարավոր է գտնել ԵՊՀ կայքէջի «Էրազմուս+» բաժնում և «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:

 

Հարցերի և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ՝ 408 սենյակ):

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: