10.10.2012 | 
Ուսանողական
ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԷԻՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒՆ
ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԷԻՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒՆ
Ավելի քան 130 ուսանողներ մասնակցում էին միջազգային հարաբերություններում կիրառվող ժեստերի լեզվին նվիրված սեմինար-քննարկմանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն այսօր կազմակերպել էր գիտահանրամատչելի սեմինար-քննարկում` «Ժեստերի լեզուն միջազգային հարաբերություններում» խորագրով: Հիմնականում ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար կազմակերպված միջոցառումն այնքան էր հետաքրքրել ապագա մասնագետներին, որ սեմինարին մասնակցելու էին եկել անգամ բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ:

 

Ողջունելով ֆակուլտետի ուսանողությանը նմանօրինակ միջոցառման մասնակցելու առթիվ` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը խոսքը փոխանցեց ԵՊՀ դասախոս Սմբատ Մինասյանին, վերջինս էլ շարունակեց վարել սեմինարը: Սեմինարավարը ներկայացրեց ոչ միայն պատմական ու տեսական նյութեր, այլեւ համապատասխան օրինակների` զանազան տեսաշարերի ու լուսանկարների միջոցով անդրադարձավ քաղաքական գործիչների կողմից կիրառվող ժեստերին` փորձելով բացատրել դրանց տակ թաքնված իրական ասելիքը:

 

«Միջոցառումը շատ կարեւոր է մեր ֆակուլտետի ուսանողության համար, քանի որ արդի դիվանագիտության մեջ չափազանց մեծ դեր ունի ժեստերի լեզուն: Դիվանագիտության մեջ խոսքը հետադարձ ուժ չունի, այն վերադարձելի չէ, այս դեպքում կարեւոր դերակատարում ունի «մարմնի խոսքը»` ժեստը: Ուստի ապագա դիվանագետների համար կարեւոր է հասկանալ մարդկանց առանց բառերի»,- ասաց Ժաննա Հարությունյանը: Սեմինարի ընթացքում թե՛ մեր, թե՛ արտերկրի քաղաքական գործիչների կողմից կիրառվող ժեստերի օրինակներ էին հնչում, թեեւ ուսանողներին ավելի շատ հետաքրքրում էին մեր քաղաքական գործիչների կողմից կիրառվող ժեստերը:

 

Միջոցառման մասնակից ուսանողները նաեւ հնարավորություն ունեին նախապես մեկնաբանելու այս կամ այն ժեստը, ինչից հետո միայն սեմինարավարի կողմից ներկայացվում էր դրանց իրական նշանակությունը: «Արդեն երկրորդ տարին է, ինչ նմանաբնույթ միջոցառում է կազմակերպվում: Այսօր դեռ պահանջարկ չկա, որ այսպիսի միջոցառումը պարբերական բնույթ ունենա: Եթե միջազգային քաղաքականության մեջ լինեն իրադարձություններ, որոնք այսպիսի վերլուծություն կպահանջեն, ապա կփորձենք եւս մեկ սեմինար-քննարկում կազմակերպել»,- ասաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: