18.06.2021 | 
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱԽԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱԽԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻՆ
Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են ամենամյա համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ. հունիսի 18-ին կազմակերպված հեռավար գիտաժողովը նվիրված էր թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությանը և նրա ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների պատմությանը:

ԵՊՀ ռեկտորատի անունից գիաժողովի մասնակիցներին ողջունեց Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը՝ կարևորելով Հայաստանի և Թուրքմենստանի առաջատար բուհերի ավանդական ու բացառիկ արգասաբեր համագործակցությունը: Թուրքմենական կողմից ելույթ ունեցան Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանի թուրքմենական գրականության ամբիոնի վարիչ Ամաննեպես Շիխնեպեսովը, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռոմանգուլի Մուստակովը, թուրքմեներենի ամբիոնի ավագ դասախոս Գուլրուխ Գուրբանովան, իսկ վերոհիշյալ համալսարանի տարբեր կուրսերի ուսանողներն արտասանեցին Մախթումկուլիի բանաստեղծությունները:

Հայկական կողմից ելույթ ունեցան ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Ամալյա Պետրոսյանը և ճանաչված բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը, որն ընթերցեց Մախթումկուլիի ստեղծագործությունների իր թարգմանությունները:

Պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանը հանդես եկավ թուրքմենական գրականության հայերեն անթոլոգիայի հրատարակության նախաձեռնությամբ՝ առաջարկելով այն ձոնել Մախթումկուլի Ֆրագիի 300-ամյակին, որը մեծ շուքով նշվելու է ամբողջ աշխարհում 2024 թ.:

Նա նաև շեշտեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի և ՀՀԻ մասնագետների՝ թուրքմեն գործընկերների և հայ անվանի բանաստեղծ-թարգմանիչների հետ  ուրույն համագործակցության կարևորությունը՝ հայ-թուրքմենական գիտամշակութային կապերի ամրապնդման ու վերոհիշյալ հիմնարար անթոլոգիայի նախապատրաստման ու հրատարակման գործընթացում: