08.10.2019 | 
Գիտություն
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ 8-րդ մասնաշենքում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ու ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մուշեղ Իշխանին:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը և միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր ՀՀ տարբեր բուհերից և արտերկրից:

 

Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

 

Վերջինս նշեց, որ Հայ բանասիրության ֆակուլտետում նմանաբնույթ գիտաժողովներն անվանդական բնույթ են կրում, դրանց ընթացքում դասախոսների և ուսանողների կողմից ներկայացվում են գրողների կյանքն ու գրական գործունեությունը, թողած ժառանգությունը և անըստգյուտ դերը հայ գրականության զարգացման գործում:

 

«Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովը բանասերների, գրականագետների համար ևս մեկ հնարավորություն է նրա թողած գրականությունը խորությամբ ուսումնասիրելու և հետազոտելու համար, այս ամենը նոր վերլուծությունների հիմք է դառնալու՝ նպաստելով   հրապարակախոսի գրական մեծ ժառանգության նորովի մատուցմանը»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին և ներկաներին, նշեց, որ գրական ստեղծագործությունների մասսայականացման համար գիտաժողովները միայն բավարար չեն. «Միայն գրողի գրական ժառանգությունը բարձր գնահատելով՝ ընթերցանությանը չես նպաստի, այս ամենին պետք է միանա ասմունքը: Դրա շնորհիվ գրականությունը հասարակության բոլոր շերտերին հասանելի է դառնում, իսկ մարդիկ սկսում են հետաքրքրվել, որոնել և ընթերցել»: 

 

Մուշեղ Իշխանի կյանքի ու թողած գրական վիթխարի ժառանգության մասին խոսեցին «Համազգային» հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը և միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանն էլ նախ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին, ապա անդրադարձավ գիտաժողովի կարևորությանը և Մուշեղ Իշխանի՝ որպես մարդու և գրողի կերպարին:

«Մուշեղ Իշխանի՝ որպես մարդու և գրողի մեծագույն արժանիքներից մեկն էր իր ուսուցիչների նկատմամբ երախտագիտության զգացումը, իր կարևոր պատգամը մեզ մարդ լինելն էր, որի միակ ճանապարհն ինքնակատարելագործումն էր՝ մտքի և հոգու հղկումը»,- ընդգծեց Ն. Թուխիկյանը:

 

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Դավիթ Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ դասախոսներ Մարինե Ղազարյանը,Լիլիթ Սեյրանյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոսներ Միհրան Հովհաննիսյանը և Վալտեր Բերբերյանը:

 

Վերջինս նշեց, որ Մուշեղ Իշխանի ստեղծագործությունները մերօրյա հայագետների գիտական ուսումնասիրությունների պակաս ունեն։

 

«Նա սփյուռքահայ այն եզակի գրողներից է, որը նպաստեց սփյուռքահայ բանաստեղծության դիմագծի ամբողջականացմանը և զարգացմանը: Նա մշտապես  հավատարիմ է մնացել հայ մտավորականի կոչմանը, իր նախասիրություններին ու ստեղծագործությանը»,- նշեց մագիստրոսը:

Վալտերը հույս հայտնեց, որ «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ու ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի համագործակցությունը շարունակվելու է երկար տարիներ, ինչը հնարավորություն է ընձեռելու անդրադառնալու սփյուռքահայ մյուս գրողներին ևս:

Մուշեղ Իշխանին անդրադարձան և զեկուցումներով հանդես եկան նաև դասախոսներ ՀՊՄՀ-ից և ԳԱԱ գրականության ինստիտուտից, իսկ գիտաժողովի երկրորդ մասում գրողի պոեզիայի, լեզվաոճական հիմքերի, կերպարաստեղծման արվեստի և գրական առնչությունների մասին խոսեցին ԱՄՆ-ից, Կանադայից, Բեյրութից ժամանած դասախոսները:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
«ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով: