24.10.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի համագործակցության շրջանակում կազմակերպված գիտաժողովը «Սրբապղծությունն ու աստվածանարգությունը․ դիսկուրսներ, նարատիվներ ու պրակտիկաներ» խորագրով է:

Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել վերոնշյալ թեմայով հետազոտություններ, անցկացնել քննարկումներ, ինչպես նաև կատարել վերլուծություններ՝ մշակութային մարդաբանության մեթոդներին և տեսական դրույթներին համապատասխան:

 

Գիտաժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրին մասնագիտական ուսումնասիրություններ՝ կրոնական լեզվով կոչված սրբապղծության, աստվածանարգության, պրոֆանացիայի կամ իրավական եզրույթներով՝ որևէ մեկի զգացմունքների վիրավորում, ատելության խոսք հասկացությունների մասին։

 

 

ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Յուլիա Անտոնյանը, որը նաև գիտաժողովի կազմակերպիչներից է, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆակուլտետը Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի հետ երկար ժամանակ է համագործակցում. ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասախոսություններ, իրականացվում են հետազոտական համատեղ ծրագրեր:

 

 

Դոցենտի խոսքով՝ «Սրբապղծությունն ու աստվածանարգությունը․ դիսկուրսներ, նարատիվներ ու պրակտիկաներ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացման գաղափարը հանկարծակի է առաջացել:

 

Անդրադառնալով մշակութաբանության ամբիոնի կազմակերպած նմանօրինակ միջոցառումներին՝ Յ. Անտոնյանը նշեց. «Հաճախ ենք կազմակերպում հանդիպումներ հրավիրյալ գիտնականների հետ. բազմալեզու կոնֆերանսները մեր ընդհանուր գիտահետազոտական գործունեության մասն են և մեր հետազոտությունները ներկայացնելու ևս մեկ հարթակ»:

 

 

ԵՊՀ քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Աղաջանյանը և Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի պրոֆեսոր, զեկուցող Ալեքսանդր Պանչենկոն, որոնք նույնպես գիտաժողովի կազմակերպիչներից են, մեզ հետ զրույցում, խոսելով գիտաժողովի կարևորությունից, ընդգծեցին ընտրյալ թեմաների արդիականությունը՝ նշելով, որ այսօրինակ գիտաժողովների շնորհիվ համալսարանների միջև գործակցային կապերն է՛լ ավելի են ամրապնդվում, և ընդլայնվում է փորձի փոխանակման հնարավորությունը։

 

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները վստահեցրին, որ ֆակուլտետում նմանատիպ միջոցառումների մասնակցելու շնորհիվ իրենք ամրապնդում են ստացած գիտելիքները, ձեռք բերում նոր հմտություններ և հնարավորություն ունենում շփվելու գիտնականների հետ:

 

 

Նշենք, որ գիտաժողովի մասնակիցները զեկույցներ ներկայացրին նաև առցանց ձևաչափով։ Զեկույցները ներկայացվեցին հայերենով, ռուսերենով և անգլերենով։

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: