05.01.2023 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
«ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ՊԱՐԶԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՊՀ ԸՆՁԵՌԱԾ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԲԻԱՅՆԱ ՄԽՉՅԱՆ
«ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ՊԱՐԶԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՊՀ ԸՆՁԵՌԱԾ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԲԻԱՅՆԱ ՄԽՉՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Բիայնա Մխչյանը փոխանակման ծրագրով սովորում է Հորդանանում: Բիայնայի հետ զրուցել ենք բուհի ընտրության, ֆակուլտետում ստացած կրթության, Ամանորն արտասահմանում հայկական ավանդույթներով նշելու մասին:

Պատմում է ինքը՝ Բիայնան:

 

Դեռ վաղ տարիքից բուհի և մասնագիտության ընտրությունը միանշանակ էր:

 

Վստահ էի, որ ընդունվելով ԵՊՀ՝ կդառնամ ոլորտում պահանջված մասնագետներից մեկը: Սիրելով և հետաքրքրված լինելով Արևելքով, մասնավորապես արաբական մշակույթով և լեզվով՝ ընտրեցի արաբագիտությունը: Ֆակուլտետում ուսանելիս հնարավորություն ստացա սովորելու արտասահմանում:

 

Հորդանանում մեծ դժվարությունների չեմ բախվել. այս հարցում մեծ է ԵՊՀ դերակատարումը:

 

Մինչ Հորդանան գալը թե՛ լեզվի, թե՛ մշակույթի, թե՛ կենցաղային հարցերում կյանքն այստեղ ավելի բարդ էի պատկերացնում, սակայն, կարելի է ասել, մեծ դժվարությունների չեմ հանդիպել: Վստահաբար ասում եմ, որ դրան նպաստել են մի շարք գործոններ (տեղի հայ ընկերներս, բնակիչների ջերմ հյուրընկալությունը և այլն), որոնցից առանցքային է նաև ԵՊՀ տված կրթության ու պրոֆեսորադասախոսական կազմի դերը: Արաբերենի իմացության բարձր մակարդակը, որը ձեռք եմ բերել ԵՊՀ-ում սովորելիս, այստեղ միանգամից գրավում է շատ տեղացիների ուշադրությունը և արժանանում հիացմունքի։

 

Լեզվակիրների հետ հաղորդակցվելը լեզվի զարգացման գործում առանցքային է. ԵՊՀ-ն տալիս է այդ հնարավորությունը:

 

Արդեն ավարտել եմ ուսումնական մեկ կիսամյակը: Չորս ամիսները եղել են բավականին բովանդակալից ու գիտելիքաշատ: Կարծում եմ՝ բացի նոր գիտելիքներ ստանալուց՝ փոխանակման ծրագրերը ամենաարդյունավետ տարբերակներից են այլ երկրների մշակույթը բացահայտելու, նոր կապեր ու ծանոթություններ հաստատելու տեսանկյունից: Այսօրինակ ծրագրերը նաև նպաստում են Հայաստանում արաբագիտության զարգացմանը:

 

 

 

ԵՊՀ-ն ընձեռում է լայն հնարավորություններ, պարզապես պետք է կարողանալ օգտվել դրանցից:

 

ԵՊՀ տված գիտելիքները ինչպես ներկայիս, այնպես էլ ապագայի իմ հաջողություններում ունեն և ունենալու են հիմնարար նշանակություն: ԵՊՀ-ն կառույց է, որտեղ կյանքի են կոչվում սահմանված բազմաթիվ նպատակներ: Այն տալիս է մասնագիտական կայուն զարգացման և աշխատաշուկայում պահանջված մասնագետ դառնալու հնարավորություն: Պարզապես պետք է ձեռք պարզել և միշտ ընդունել ԵՊՀ-ի ընձեռած լայն հնարավորությունները …

 

Ամանորը նշել եմ հայ ընկերներիս հետ հայկական ավանդույթներով ….

 

Բավականին հետաքրքիր էր Ամանորը նշել մշակութային ու կրոնական տարբերություններ ունեցող երկրում, չնայած՝ երկու երկրների միջև կան նաև նմանություններ: Ամանորին հայկական ավանդական ուտեստներ պատրաստելով՝ կարողացել ենք գրավել տեղացիների ուշադրությունը և հետաքրքրություն առաջացնել հայկական մշակույթի նկատմամբ: Սա լավագույն հնարավորություններից է նաև օտարերկրացիների շրջանում հայկական մշակույթը տարածելու և ճանաչելի դարձնելու:

 

Համալսարանականներին մաղթում եմ, որ ….

 

Նոր տարին մասնագիտական նորանոր գիտելիքների և ձեռքբերումների տարի լինի։ Պետք է միշտ քայլել դեպի երազանք տանող ճանապարհով` առանց դժվարություններից երկյուղելու և նորն ու օգտակարը սովորելու ձգտումով․․․

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: