23.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում ֆակուլտետի ուսանող Էլեն Միրաքյանն աշխատանքի է անցել «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում: Էլենի հետ զրուցել ենք ներկայիս գործունեության, ԵՊՀ-ի տված կրթության ու ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:

Պատմում է Էլենը:

 

Ընդունվել եմ ԵՊՀ՝ վայրկյան իսկ չերկմտելով:

 

Ոգեշնչված լինելով Հայաստանի առաջին համալսարանում կրթություն ստացած մեծանուն գիտնականների գործունեությամբ՝ վստահ էի, որ միայն ԵՊՀ-ում կարող են արդարանալ սպասելիքներս՝ կապված կրթության և նպատակներիս իրագործման հետ: Հայ բանասիրության ֆակուլտետը եղել է իմ երազանքների կրթօջախը, մասնագիտությունս էլ մի ամբողջ կյանք է ինձ համար։ Վստահ եմ՝ լավ հայագետի ձեռքում է մարդու սիրտն ու հոգին բարեփոխող ներկապնակը:

 

 

ԵՊՀ-ն հիմնովին փոխել է իմ կյանքը:

 

ԵՊՀ-ում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, վայելել եմ ուսանողական-գիտական ակտիվ կյանք՝ միաժամանակ ստանալով մասնագիտական որակյալ կրթություն և գրանցելով անընդհատական աճ: Համալսարանում, հատկապես հայ բանասիրության ֆակուլտետում ընդլայնվում է մտահորիզոնդ, քանի որ այնտեղ դասավանդում են գիտելիք մատուցելու արվեստին տիրապետող այնպիսի գիտնականներ ու դասախոսներ, որոնց հետ շփումն օրավուր տասնապատկում է գիտելիքդ:

 

Համալսարանում ստացած բազմաբովանդակ գիտելիքի շնորհիվ ես, ուսումս դեռ չավարտած, ստացել եմ աշխատանքի առաջարկ:

 

Քանի դեռ սովորում եմ բակալավրի կրթական ծրագրում, «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում ներկայացված եմ որպես օգնական-պրակտիկանտ, իսկ համալսարանն ավարտելուց հետո կընդլայնվի գործունեությանս շրջանակը։ Աշխատանքի առաջարկն ստացել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում, ըստ որի՝ կողմերը միավորում են իրենց ջանքերն ընթացիկ հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության ապահովման նպատակով։ Իսկ ես դեռևս առաջին և միակ ուսանողն եմ այդ ձևաչափում։

 

 

Կյանքը զարգանում է գիտության շնորհիվ։

 

Իմ համոզմամբ՝ չկա գիտություն, չկա բանականություն։ Գիտության զարգացման շնորհիվ մեր երկիրը կարող է հաստատուն տեղ ու դեր ունենալ աշխարհում։ Հայագիտության մեջ իմ ներդրումն ունենալու նպատակով ներգրավվել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ աշխատանքներում՝ ստանձնելով ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատուի պարտականությունները։

 

Պատրաստվում եմ ավարտական աշխատանքիս պաշտպանությանը:

Ավարտական աշխատանքիս թեման չափազանց պարտավորեցնող է և առանձնահատուկ. պրոֆեսոր, բ.գ.դ. Աննա Աբաջյանի ղեկավարությամբ կազմելու ենք «Գրաբարի դասագիրք տարրական դասարանների ուսուցիչների համար», որը դառնալու է իր տեսակի մեջ նորագյուտ Իրական (Ռեալական) դպրոցի՝ մեր ոսկեղենիկ գրաբարը հայ մանուկներին սովորեցնող ուսուցչի սեղանի գիրքը:

 

Նպատակս է արժանի լինել բանասերի վեհ կոչմանը:

 

Ոլորտով հետաքրքրված բոլոր դիմորդներին միանշանակ խորհուրդ եմ տալիս առանց երկմտելու ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ: Իմ կյանքի առանցքային կառույցի՝ ԵՊՀ-ի շնորհիվ, ձեռք բերելով մեծ փորձառություն և աշխատաշուկայում մրցունակ մասնագետ լինելու համար գիտելիքի առավելագույն պաշար, հասկացել եմ, որ երբեք չպետք է երկնչել, իսկ եթե նահանջել, ապա միայն ուժ հավաքելու և մեծ վճռականությամբ առաջ շարժվելու համար։

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: