23.12.2008 | 
Ուսանողական, Մշակույթ
ԵՊՀ-Ն` ՎՐՁՆԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎԻ ՄԻՋՈՑՈՎ
ԵՊՀ-Ն` ՎՐՁՆԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎԻ ՄԻՋՈՑՈՎ
Այսօր երիտասարդ համալսարանականներին համախմբել էին արվեստն ու Մայր բուհի հանդեպ տածած մեծ սերը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնում իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում ԵՊՀ ուսանողները: Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի եւ Հայաստանի նկարիչների միության երիտասարդ նկարիչների միավորման նախագահ Աննա Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Տնտեսագիտության, Աստվածաբանության, Աշխարհագրության եւ երկրաբանության, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, Փիլիսոփայության եւ հոգեբանության, Ֆիզիկայի, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Ռուս բանասիրության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն ու շրջանավարտները:

 

«Գեղանկարչության միջոցով ես առաջին հերթին փորձել եմ ինքս ինձ ճանաչել, եւ դրանով իսկ մյուսներին հնարավորություն եմ ընձեռում իմ նկարների մեջ իրենց փնտրել»,- ասում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Քեճեճյանը: Ցուցադրված լուսանկարներից, գեղանկարներից, աբստրակտ եւ գրաֆիկական պատկերներից յուրաքանչյուրն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է Համալսարանի հետ: Եվ չնայած ցուցադրությունը նվիրված էր Մայր բուհի հիմնադրման 90-ամյակին, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չէր կաղապարել ուսանողներին:

 

Նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացրել իր ներաշխարհը, որի մի մասն էլ կազմում է հարազատ կրթօջախը: «Հրաշալի է, որ նմանաբնույթ ցուցահանդեսներն ավանդական են դարձել: Ուրախ եմ, որ մեր երիտասարդների կյանքում արվեստը տեղ ունի»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Ցուցահանդեսն ինչ-որ չափով նաեւ մրցութային բնույթ ուներ, քանի որ նկարները գնահատելու, իսկ վերջում դիպլոմներ ու նվերներ հանձնելու համար հրավիրվել էին արվեստագետ Գեւորգ Մշեցին եւ լուսանկարիչ Երեմ Սարգսյանը: «Շատ դժվար կլինի ընդամենը երկուսին ընտրել, քանի որ բոլոր գործերն էլ յուրովի լավն են:

 

Ինձ մնում է մասնագիտական աչքով եւ ինչ-որ տեղ էլ սուբյեկտիվ մոտեցմամբ մրցանակակիրներին որոշել: Սակայն կրկնեմ, որ երեխաները բավականին ինքնատիպ են եւ համարձակ»,- նշեց Գեւորգ Մշեցին: Գեղանկարների անվանակարգում 1-ին մրցանակը շնորհվեց Անահիտ Քեճեճյանին, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Գաբրիելյանը: Լուսանկարների համար 1-ին մրցանակին արժանացավ ապագա երկրաբան Տիգրան Լորասաբյանը, իսկ 2-րդ տեղում էր Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Նարինե Մանասյանը:

Այլ նորություններ
ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԵՊՀ իրավագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արցախի միջազգային ճանաչումը. պատմաիրավական ակնարկ» խորագրով:
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը: