26.03.2009 | 
Գիտություն
ԵՐԱԺԻՇՏԸ ՆԱԵՎ ԼՐԱԳՐՈՂ Է
ԵՐԱԺԻՇՏԸ ՆԱԵՎ ԼՐԱԳՐՈՂ Է
- Չի՞ եղել, որ հոգնել, զզվել եք ամեն ինչից ու ցանկացել եք հեռանալ:
- Ամեն վայրկյան:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հրավերով ուսանողների հետ հանդիպման էր եկել Հայաստանի առաջատար տպագիր լրատվամիջոցներից մեկի` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Սկզբում փոքրիկ նախաբան էր, որտեղ խմբագիրը ներկայացրեց լրագրության մասին իր տեսակետն ու պատկերացումները: «Ինչպե ՞ս կարող է լրագրողը չեզոք լինել:

 

«Չեզոք» բառն ինձ դուր չի գալիս. դրա մեջ ինչ-որ անտարբերություն կա,- բացատրեց Արամ Աբրահամյանը` հավելելով, որ իրեն դուր է գալիս բալանսավորված` հավասարակշռված նյութը»: Ունենալով համապատասխան վերաբերմունք այս կամ այն երեւույթի նկատմամբ` լրագրողը փորձում է այն հավասարակշռել այնպիսի փաստերով եւ տեսակետներով, որոնք իրեն դուր չեն գալիս, հակառակ են իր ամբողջ էությանը: «Դա, ըստ իս, այն է, ինչ կոչվում է պրոֆեսիոնալիզմ:

 

Մեր իրականության մեջ լրագրողը հազվադեպ է կարողանալ տարանջատել լուրն ու մեկնաբանությունը: Այդ դեպքում միանգամից երեւում է քաղաքական պատվերը…»,- բացատրեց բանախոսը: Նա խորհուրդ տվեց ապագա լրագորղներին դիմադրել, սկզբունքային լինել. «Եվ ձեզ միանգամից կազատեն աշխատանքից»: «Առավոտի» ղեկավարը հստակ գիտի, որ համալսարանավարտ ուսանողները հանդիպում են այնպիսի ղեկավարների, ովքեր պարտադրում են նորեկին մոռանալ բուհում սովորած ամեն ինչ. «Չէ, պետք չի մոռանալ, բա ինչի՞ համար եք սովորել այդքան տարի»:

 

Թե մասնագիտությամբ երաժիշտ Արամ Աբրահամյանին ինչն է ստիպել լրագրող դառնալ, հյուրը պատասխանեց` փողը: 1983 թվականից, երբ պարոն Աբրահամյանը 23 տարեկան էր, պետական հեռուստատեսությունում վարում էր «Մեղեդի» երաժշտական հանդեսը, այսինքն` զբաղվում էր երաժշտագիտության եւ լրագրության խառնուրդով, հետո կամաց-կամաց երաժշտագիտությունը վերացավ, մնաց միայն լրագրությունը: «Զուտ լրագրությամբ ես սկսել եմ զբաղվել արդեն անկախության շրջանում»,- ասաց նա: Ուսանողներից մեկին շատ էր դուր եկել «Առավոտ» թերթի` newsombudsman ունենալու գաղափարը:

 

«Մենք` որպես լրագրողներ, բնականաբար, շատ հեռու ենք իդեալականից եւ պրոֆեսիոնալ շատ բարձր որակներից,- մեկնաբանեց խմբագիրը:- Ինձ մոտ եկող բողոքավորների հոսքը դեպի քաղաքակիրթ ճանապարհ փոքր-ինչ շեղելու համար ես այդ մարդկանց ուղղորդում եմ դեպի օմբուդսմեն, ով էլ այդ հարցը կքննի եւ կլուծի»: «Առավոտի» գլխավոր խմբագիրն առավոտյան առաջինը բացում է, բնականաբար, իր թերթը: «Մյուս թերթերը կարդում եմ հենց այն հերթականությամբ, որով շարված են սեղանիս: Չեմ փնտրում կամ ընտրում: Սկզբունքորեն չեմ կարդում ու երբեք չեմ բացել «Ազատամտություն» թերթը եւ «Փակագիծ» թերթը: «Հրապարակը» երբեմն բացել եմ, բայց բաժանորդագրված չեմ»: Տպագիր մամուլի դաշտում, ըստ խմբագրի, «Առավոտի»-ն համարժեք են «168 ժամ», «Իրավունք դեֆակտո» եւ «Ազգ» թերթերը: «Մնացած թերթերը իշխանության եւ ավելի հաճախ ընդդիմության մարտական թերթիկներն են»:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։