Յոթերորդ գումարման ՈՒԽ նախագահի պաշտոնում առաջադրվեց եւ գաղտնի քվեարկությամբ միաձայն ընտրվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ցոլակ Ակոպյանը: «Մեր նոր ձեւավորված Ուսխորհուրդը շարունակելու է նախորդի լավագույն ավանդույթները, այսինքն` աշխատելու է հանուն ուսանողության բարեկեցության»,- ասաց ՈւԽ նորընտիր նախագահ Ցոլակ Ակոպյանը:
Այնուհետեւ ընտրվեցին ՈՒԽ փոխնախագահ եւ քարտուղար: Փոխնախագահի պաշտոնը զբաղեցրեց Մարիաննա Գալոյանը, իսկ քարտուղարի պաշտոնում ընտրվեց Հարություն Ազգալդյանը: Հաստատվեցին նաեւ ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահները: Ընտրությունն անցկացվեց Ուսանողական խորհրդի ընտրական կարգի համաձայն. ընտրական հանձնաժողովում ընդգրկված էին չորս ներկայացուցիչ ռեկտորատից, մեկը` ՈՒԳԸ-ից, չորսը` ՈւԽ նախագահությունից, երկուսն էլ` Արհկոմիտեից: «Մինչ այսօր ընտրություններ էին ընթանում ֆակուլտետներում:
Ոչ մի խնդիր չի առաջացել, չհաշված փոքրիկ կոնֆլիկտային իրավիճակները, որովհետեւ, եթե կա ընտրություն, կա նաեւ կարծիքների բախում: Ամեն ինչ անցավ բարիդրացիական մթնոլորտում: Եվ կարծում եմ` ընտրվել են արժանիները, որոնք համալսարանի համար գործ կանեն»,- ասաց ընտրական հանձնաժողովի նախագահ Միհրան Հակոբյանը: Նախագահի առաջարկով ստեղծվեց նաեւ ժամանակավոր հանձնաժողով, որը 2009-ին զբաղվելու է ԵՊՀ 90-ամյակին նվիրված ուսանողական միջոցառումների կազմակերպման հարցերով: