11.09.2007 | 
Հասարակություն
ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանները նորից բարեկամներ են:

Այսօր Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուան եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրեցին կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում գործընկերության համաձայնագիր: 

Վրաստանի համալսարանը երկար տարիներ եղել է ԵՊՀ-ի լավագույն գործընկերը: Վերջին մի քանի տարիներին համընդհանուր ծրագրեր չեն իրականացվել, սակայն այս համաձայնագրից հետո, ինչպես նշեց Արամ Սիմոնյանը, ավանդույթները կշարունակվեն.«Պայմաններ կստեղծվեն ակտիվ համագործակցության համար` կմշակվեն կրթական եւ ուսանողների փոխանակման ծրագրեր»:

Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Գեորգի Խուբուան, եւս հիշատակելով երկար տարիների բարեկամական հարաբերությունները, մեծ ցանկություն հայտնեց ԵՊՀ-ի եւ իրենց համալսարանի համագործակցությունը հասցնել այնպիսի մակարդակի, ինչպիսին պատկերացնում են հայ եւ վրացի գիտնականները: 

«Այս համաձայնագիրը առաջին հերթին նշանակում է երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների փորձի փոխանակում: Բացի այդ` կարեւոր է մտավորականների համատեղ գործունեությունը, քանի որ դրա միջոցով է ձեւավորվում ազգային մտածելակերպը»,- ասաց Գեորգի Խուբուան:

Նշենք, որ այդ տեսանկյունից Հայաստանում մեծ ներդրում է ունեցել հայագետ Զազա Ալեքսիձեն, ով նույնպես ներկա էր այս արարողությանը: Նաեւ մասնակցում էին Թբիլիսիի պետական համալսարանին կից Միջազգային տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչներ Էրիկ Լիվնին եւ Մզիա Միքելադզեն: 

Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, համաձայնագրի կարեւոր կետերից է նաեւ Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի հետ համագործակցությունը, որի շրջանակներում կանցկացվեն հետազոտություններ տնտեսագիտության, սոցիոլոգիայի եւ դեմոգրաֆիայի ասպարեզներում: Բացի այդ` Հայաստանում կսկսի զարգանալ վրացագիտությունը, իսկ Վրաստանում` հայագիտությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօրվանից վերսկսել է սոցիալական ծրագրերի իրականացումը: