02.12.2008 | 
Ուսանողական
ԻԿՄ-Ն` ՎՈԼԵՅԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ
ԻԿՄ-Ն` ՎՈԼԵՅԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ
ԵՊՀ վոլեյբոլի առաջնության` 2008 թվականի չեմպիոնը Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հավաքականն է:

Այսօր ավարտվեց Մհեր Ֆարմանյանի անվան ամենամյա միջֆակուլտետային վոլեյբոլի առաջնությունը: Երկրորդ տեղը գրավեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հավաքականը, իսկ երրորդ տեղը` Քիմիայի ֆակուլտետի թիմը, որը 2:1 հաշվով հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականին: 

Ամենամյա մրցաշարը կազմակերպել են ԵՊՀ ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովը ու Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնը: Առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին: Մասնակցության հայտ է ներկայացրել 14 թիմ: Առաջնությանը չէին մասնակցում Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Սոցիոլոգիայի, Փիլիսոփայության եւ հոգեբանության, Պատմության եւ Կենսաբանության ֆակուլտետները: Իսկ Հայ եւ Ռուս բանասիրության ֆակուլտետների ուսանողները հանդես եկան միասնական թիմով: Ի դեպ, անցյալ տարի մասնակցում էր 13 թիմ: 

Ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի դասախոս Սարգիս Սանթրոսյանը կարծում է, որ այս տարի թիմերը եւ երկրպագուներն ավելի ակտիվ էին: «Եթե անցյալ տարի խաղն ավարտվում էր չոր հաշվով` 2:0, այս անգամ հիմնականում վճռական խաղափուլն էր որոշում հաղթողին: Առաջնությունն ավելի հետաքրքիր էր: Համեմատաբար թույլ էին Ժուռնալիստիկայի եւ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների թիմերը»:

Մասնակից թիմերը բաժանվել էին 2 խմբի: 7 օր շրջանային մրցակարգով խաղեր տեղի ունեցան: Շրջանաձեւ խաղից հետո ենթախմբերի 1-ին եւ 2-րդ տեղեր գրաված թիմերն արդեն օլիմպիական մրցակարգով խաչաձեւ հանդիպումներ ունեցան: Ի տարբերություն ընդունված կարգի` ներբուհական մրցաշարի հավաքականները խառը տիպի էին. խաղում էին եւ աղջիկներ, եւ տղաներ: 

Թեժ պայքարի արդյունքում 3:1 հաշվով մրցաշարի հաղթող դարձավ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հավաքականը: Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր 3 թիմերը ստացան Ուսխորհրդի կողմից պատրաստված պատվոգրեր, մեդալներ, իսկ չեմպիոնին տրվեց նաեւ փոխանցիկ գավաթ: 

«Անցյալ տարի եզրափակչում չեմպիոն չդարձանք, այս տարի հասանք մեր նպատակին: Ամենահամառ պայքարը, բնականաբար, եզրափակչում էր»,- ասաց ԻԿՄ թիմի ավագ Արթուր Գրիգորյանը: Նա ասաց, որ թեեւ տարվա ընթացքում թիմով չէին աշխատել, բայց հենց այս տարվա առաջնությունը սկսվեց, բոլորը տրամադրվեցին հաղթանակի: Ի դեպ, Արթուրը նաեւ ԵՊՀ վոլեյբոլի հավաքականի անդամ է: 

«Ռադիոֆիզիկայի թիմը առաջին խաղակեսում գեղեցիկ խաղ ցուցադրեց, իսկ երկրորդ մասում արդեն ինքն իր խաղը փչացրեց: Ինձ ավելի շատ դուր եկավ հաղթողների խաղը: Այս ֆակուլտետին բնորոշ էր կոլեկտիվ խաղի զգացողությունը»,- ասաց Սարգիս Սանթրոսյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: