28.11.2008 | 
Մշակույթ
ԱՐՏԻՍՏԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ
ԱՐՏԻՍՏԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ
«Հանդիսատեսը վատը չի լինում, եթե դերասանը լավն է»:

Թատրոնում նրան մերժում էին լավագույն դերերը եւ տալիս անարժաններին: Իսկ ինքն ուզում էր սկսել այնտեղից, որտեղ ուրիշներն արդեն ավարտում են: Ու նա հասկացավ, որ կարող է մենակ դուրս գալ հազարավոր մարդկանց առաջ եւ դյութել: Չէ՞ որ իրեն օգնելու էին հայ մեծ գրողները: Եվ կանգնեց 2000 հոգու առջեւ եւ ասմունքեց: Եվ իրեն լսեցին: Դեռ լսում են: 

«ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է» հանդիպումների շարքում այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանն էր: Եկել էր ուսանողների ցանկությամբ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերով: Զրուցում էր այսօրվա գեղարվեստական խոսքի կուլտուրայի, թատրոնի, դերասանի առաքելության մասին: 

«Ես հեռուստատեսությամբ լսում եմ հայերենը եւ չեմ հասկանում` ինչ լեզվով է խոսում այդ մարդը: Մեր հաղորդավարները վրա են տալիս. չեմ հասկանում` ինչ է ասում այս աղջիկը, այս տղան: Իսկ ամենաշատը վիրավորվում եմ, երբ մեր դարավոր, ավանդական լեզուն աղավաղվում է բարբարոսաբար»,- սրտնեղեց ասմունքողը եւ հորդորեց ուսանողներին «մարդավարի խոսեն, մեր լեզվով խոսեն» թե տանը, թե դրսում: 

Վլադիմիր Աբաջյանը պատմեց մի դեպք, երբ լեզվի զորությունը փոխանցվում է նրա միջի էներգիայով` առանց թարգմանության: Հայ երիտասարդներին ԱՄՆ-ում ճաշի էր հրավիրել մի մեծահարուստ կին: Երբ Աբաջյանին խնդրեցին մի բան արտասանել, նա վարանեց. ո´չ ինքն անգլերեն ասմունքել գիտեր, ո´չ այդ կինը` հայերեն: «Տերյանից մի երեք փոքրիկ բանաստեղծություն կարդացի, որ ազատվեմ այդ հոգսից: Երբ տղաներն ուզեցին թարգմանել, այդ կինն ասաց` ես հասկացա»,- պատմեց խոսքի վարպետը: 

Ուսանողները շատ հարցեր ունեին, բայց շատ չտանջեցին հյուրին. ուզում էին ասմունք լսել: Նա էլ չմերժեց, միայն նախապես զգուշացրեց, որ երբ սկսում է կարդալ, մի երկու ժամ տեւում է: «Ինչ ուզեք, կկարդամ: Բայց «ինչ ուզեքը» հարաբերական է: Ես սիրում եմ կարդալ ասելիքով գործեր»,- ասաց նա եւ կարդաց… Տերյան, Սահյան, Շիրազ, Սեւակ, Չարենց… 

Պարզվեց` ժողովրդական արտիստն իր գործը շարունակողներ գրեթե չունի: «Բնավորությանս գերի գնալով` հետնորդներ եւ աշակերտներ, ցավալի է, չկարողացա պատրաստել: Մի քանի հոգի կան, ուզում են` իրենց ուսուցանեմ: Բայց ես ախր ուսուցանել չեմ կարող, հազիվ ինքս ինձ եմ ուսուցանում…»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց պարոն Աբաջյանը: 

Իսկ երբ հիացած ուսանողուհիներից մեկը հարցրեց, թե որն է Վլադիմիր Աբաջյանի արվեստի գաղտնիքը, արտիստն ասաց. «Գա´ռ ջան, իմ արվեստի գաղտնիքը դուք եք»:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։