26.01.2009 | 
Քաղաքականություն
ԲԱՆԱԿՆ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆ Է
ԲԱՆԱԿՆ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆ Է
«ՀՀ պաշտպանության բանակը ամենակատարյալն է իր կառույցներով, մարտական եւ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներով»:

ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այսպես բնութագրեց ՀՀ զինված ուժերը: Նա այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հյուրն էր: Հանդիպման առիթը բանակի օրն էր: Նախարարը համալսարանականներին պատմեց բանակի առօրյայի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, բանակ-բուհ համագործակցության հեռանկարների մասին:

 

2008 թ-ին Պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարները համատեղ հրաման ստորագրեցին, որով ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերը կցվեցին հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր 1407 դպրոցներին: «Կրթօջախները մշտապես մուտք կունենան զորամասեր, եւ զորամասերը մշտապես կապ կպահեն կրթօջախների հետ: Սա նպատակ ունի գիտելիքը, միտքը բանակ բերելու,- ասաց նախարարը` խոսելով նաեւ այս ոլորտում բուհերի հետ համագործակցության մասին:

 

-Բուհերը կցված կլինեն ԶՈՒ ղեկավար կազմին, իսկ մտավորականները, պրոֆեսորադասախոսական կազմը` նաեւ մեր զորամասերին»: Սեյրան Օհանյանն անձամբ իր պարտքն է համարում Հայաստանի Մայր բուհի հետ համագործակցության աշխատանքները համակարգել, վերահսկել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ռեկտորների խորհուրդը Պաշտպանության նախարարի հետ առաջիկայում կքննարկի «Զինապարտության մասին» օրենքը:

 

Ի դեպ, 2008 թվականն օրենսդրական փոփոխությունների առումով շատ արդյունավետ էր ՊՆ-ի համար. ընդունվեցին «Պաշտպանության մասին» եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքները, որտեղ հստակեցվել են նախարարության եւ գլխավոր շտաբի գործառույթները: Տարվա ընթացքում 2 խոշոր զորավարժություն իրականացվեց` «Ռուբեժ-2008» -ը եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Վերջինիս ընթացքում «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում մեր երկրից մասնակցող վաշտն արժանացավ գերազանց գնահատականի:

 

Եվ արդեն 2009 թ-ին Հայաստանի բանակից վաշտի փոխարեն գումարտակ կմասնակցի այս զորավարժություններին: Խաղաղապահ առաքելությունները եւս ՀՀ ԶՈՒ օրակարգում կարեւորագույն տեղ են զբաղեցնում: Այս տարի հայ խաղաղապահները վերադարձան Իրաքից, իսկ Կոսովոյում 1 դասակի փոխարեն 1 վաշտ ունենք: Ի դեպ, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կոսովոյում հանդիպեց ամերիկացի ղեկավար մի գեներալի եւ հարցրեց հայ զինվորների որակի մասին, վերջինս անկեղծացավ. «Ես շատ կցանկանայի, որ իմ բոլոր զինվորները նման լինեին ձեր զինվորներին»:

 

Ըստ պարոն Օհանյանի` Պաշտպանության նախարարի համար ավելի մեծ պատիվ եւ հպարտություն չկա: ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Սեյրան Օհանյանն արժանացավ ԵՊՀ ոսկե հուշամեդալի: Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն արժանացավ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» շքանշանի: ՊՆ գերատեսչական մեդալներով պարգեւատրվեցին մի քանի համալսարանականներ եւս:

Այլ նորություններ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր: