12.11.2019 | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Եվրասիական ինտեգրման զարգացումը տնտեսական և ֆինանսական քաղաքականության ոլորտներում» թեմայով դասախոսություն:

Դասախոսությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչը:

Դասախոսությունը կազմակերպել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց Տիմուր Մեկեշևիչին  ֆակուլտետում դասախոսություն կարդալու համար և անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապի կարևորությանը:

«Մեր երկու երկրներն ունեն համագործակցության երկարատև պատմություն, որն ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ, Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, խոշոր ներդրող»,- ասաց  ֆակուլտետի դեկանը:

Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչը նախքան դասախոսությունը սկսելը շնորհավորեց ԵՊՀ-ի հիմնադրման հարյուրամյակը՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Այնուհետև բանախոսը ներկայացրեց Եվրասիական ինտեգրման զարգացումը  տնտեսական և ֆինանսական  քաղաքականության բնագավառում:

 

Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչը խոսեց Եվրասիական տնտեսական միության հիմնադրման պատմության ու կառուցվածքի մասին:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության նպատակներին՝ բանախոսը նշեց, որ միության հիմնական նպատակներից մեկն առևտրային ծառայությունների ազատության ապահովումն է, ինչն էլ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել է:

«Մենք ամեն ինչ արել ենք ներդրումների ավելացման և ներդրողների իրավունքների պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց բանախոսը:

Վերջինս անդրադարձավ նաև արագ փոփոխվող շուկայի մարտահրավերներին՝ նշելով, որ այս ընթացքում շատ կարևոր է արագ արձագանքել փոփոխություններին, ինչպես նաև համապատասխան մեխանիզմներ մշակել ռիսկերը գնահատելու համար:

Վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան: