06.10.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԷՐԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԷՐԻՍՏԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի բանավեճի մասնագիտացված ակումբը շարունակական հաջողություններ գրանցելուց հետո մեկնարկել է իր նոր՝ աշնանային առաջնությունը, որի շրջանակում անցկացվում են նախապատրաստական դասընթացներ և դասախոսություններ:

«Բանավեճի ֆորմատ» թեմայով դասախոսության ընթացքում ակումբի նորընտիր մասնակիցները ծանոթացել են բանավիճելու արվեստին, մասնագիտական բանավեճերի ֆորմատին, կառուցվածքային հիմնական բնութագրիչներին և առանձնահատկություններին։

 

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ գրագետ, բովանդակային գիտելիքներ՝ հիմնավոր ու տրամաբանված տեսակետներ արտահայտելու, թիրախային և ազդեցիկ խոսելու և բանավեճի հիմունքների վերաբերյալ:

         

 

Բովանդակային կողմից զատ՝ անդրադարձ կատարվել է բանավեճային առանձնահատկություններին, մասնավորապես՝ խոսնակների պարտականություններին, ժամանակի արդյունավետ օգտագործմանը, լեզվաոճական նրբություններին, թեմայի սահմանները ճիշտ գծելուն,  հիմնական հասկացությունների սահմանումներին և թիմային աշխատանքի կարևորությանը: Կառուցվածքային տեսանկյունից կարևոր դիտարկումներ են արվել պմդում-փաստ-փաստարկում դոգմայի վերաբերյալ։

 

Որպես բանախոս հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ, ԵՊՀ ուսխորհրդի բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանը՝ ուսանողներին տալով մի շարք խորհուրդներ:

 

 

«Բանավիճելիս մշտապես գծեք ձեր սահմանները և ցանկացած պարագայում մնացեք ձեր առանցքում ու «խաղադաշտում»․ այդ դեպքում հաղթանակը միանշանակ կլինի, իսկ բովանդակային բանավեճը՝ ապահովված»,- նշել է Դ. Թովմասյանը։

 

 

Նշենք, որ բանավեճի մասնագիտացված ակումբի շրջանակում արծարծվել են արդիական թեմաներ, հատկապես առանցքային կարևորության օրենսդրական նախագծերի, գործող օրենքների, դրանց արդյունավետության հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը մեծ հետքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: Առաջնությանը մասնակցում է ավելի քան 40 ուսանող։

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը։