19.11.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագրի կնքումը միտված է ՀՀ-ում կրթության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

 

 

 «Գործատուների ու դաշտի առաջատար կազմակերպությունների հետ մենք հուշագրեր ենք ստորագրում մեր ուսանողների համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծելու և նրանց պրակտիկան ապահովելու համար: Հույս ունեմ, որ այս փոխգործակցությունը երկարատև և շարունակական է լինելու՝ ներառելով տարբեր ուղղություններ»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 

Նշենք, որ հուշագիրը կնքվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի առաջարկությամբ: Այն հնարավորություն է տալու ուսանողներին կիրառելու տեսական գիտելիքները և ձեռք բերելու գործնական հմտություններ ու փորձ: Համագործակցությունը նաև աջակցելու է երիտասարդ մասնագետներին աշխատանքի որոնման հարցում, ինչպես նաև խթանելու է ուսանողների և ոլորտի մասնագետների միջև պարբերական մասնագիտական շփումներն ու երկխոսության ձևավորումը:

 

«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել Մայր բուհի հետ ընդլայնելու մեր համագործակցությունը: Ներկայումս թվային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մի նոր ժամանակաշրջան է սկսվում, և մտավոր ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ են ի հայտ գալիս: Մեր աշխատանքի ընթացքում հիմնականում բախվում ենք մարդկային ռեսուրսների ոչ բավարար լինելու խնդրին: Ուստի համագործակցության մեջ ես կարևորում եմ այն հանգամանքը, որ հնարավորություն ենք ստանալու ուսանողների հետ աշխատելու նախքան նրանց շրջանավարտ դառնալը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

 

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն էլ ընդգծեց, որ կադրային ոլորտում իսկապես խնդիր կա, ուստի գործատու-բուհ կապը պետք է ամրապնդել և ընդլայնել. «Իրապես, աշխատանքային շուկայի պահանջները շատ արագ են փոփոխվում, ուստի կրթությունը երբեմն չի կարողանում լիարժեք բավարարել այդ պահանջները: Պրակտիկան այն դաշտն է, որը կադրերին հնարավորություն է տալիս հարմարվելու ու համապատասխանելու աշխատանքային շուկայի նոր պահանջներին»:

 

Համագործակցության հուշագրի համաձայն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստանը» ԵՊՀ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներին հնարավորություն է տալու ուսումնական պրակտիկա անցնելու կազմակերպությունում: Իսկ պրակտիկան հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն են ունենալու աշխատանքի անցնելու «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համապատասխան մասնագիտացմամբ թափուր հաստիքների առկայության դեպքում:

 

Նախատեսվում են նաև համալսարանի ուսանողների, դասախոսների և աշխատակազմի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներով դասախոսություններ կազմակերպել, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ վարել և այլ միջոցառումներ իրականացնել:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը: