19.02.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
140 տարի առաջ` հենց այս օրը` փետրվարի 19-ին, ծնվեց հայոց մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը:

Այդ առիթով այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» խորագրով գիտաժողովը: Մեծանուն գրողի 140 և Մայր բուհի 90-ամյակներին նվիրված երկօրյա գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ:

 

Միջոցառման իրականացմանն աջակցել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Գիտաժողովի կազմկոմիտեի անդամների շարքում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ՀԺՄ նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և այլք:

 

«Այս միջոցառմանը երկար ենք սպասել, քանի որ, վստահ եմ, բոլորս երջանիկ ենք, որ Թումանյան ունենք: Նա այն գրողներից է, ում կերտած կերպարներն ու սուր խոսքերը մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում: Ուզում եմ նաև հպարտությամբ նշել, որ Թումանյանն այն եզակի մարդկանցից էր, ով, մեր ազգի ամենադժվարին տարիներին բարձրաձայնեց համալսարան ունենալու հարցը: Եվ այսօր մենք ուղղակի պարտավոր ենք նրա անունը դասելու ԵՊՀ-ն հիմնադրողների շարքում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հնչած զեկույցները բազմաբովանդակ էին և ընդգրկուն` բանաստեղծից մինչև հրապարակախոս:

 

Մասնավորապես զեկույցներ կարդացին Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Ս. Մուրադյանը` «Հայոց մեծ եղեռնի արձագանքները Հ. Թումանյանի հրապարակախոսության մեջ», Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը` «Ներքին թշնամու կերպարը Հովհ. Թումանյանի ընկալմամբ», նույն ֆակուլտետի դասախոս Հրաչ Բայադյանը` «Հայության` որպես արդիական ազգի գաղափարը Հ. Թումանյանի հրապարախոսության մեջ», Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս Ռուզան Տեր-Գիրիգորյան` «Հ. Թումանյանը Ռուսաստանի և ռուսական մշակույթի մասին» և այլն:

 

Ընդմիջմանը գիտաժողովի մասնակիցներին անակնկալ էին պատրաստել ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, ովքեր կարդացին բանաստեղծի հրաշալի քառյակներից մի քանիսը: Գիտաժողովը կշարունակվի վաղը Հովհ. Թումանյանի թանգարանում, որի ընթացքում զեկույցներ կկարդան մեծանուն գրողի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Գրիգոր Ջանիկյանն ու Համո Սուքիասյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: