09.12.2021 | 
Հասարակություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ապագայի մանդատ» երիտասարդական ՀԿ-ի համագործակցության շրջանակում կյանքի կոչված ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

 

Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկավ երիտասարդական ՀԿ-ի նախագահ Նելլի Թորոսյանը, որը, շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար, փաստեց, որ երեք փուլով ընթացած ծրագրի իրականացման շրջանակում մասնակիցները ստացել են նաև ինթերնշիփ անցկացնելու հնարավորություն:

 

 

«Մեր փորձագիտական խմբի մտավախություններից մեկն այն էր, որ ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույցի կամ ձեռնարկի բացակայության պատճառով գործատուները չեն կարողանա ավելի արդյունավետ ինթերնշիփեր կազմակերպել»,- ասաց Նելլի Թորոսյանը:

 

Նրա խոսքով, հենց սա էր պատճառը, որ քայլեր ձեռնարկվեցին նաև «Երիտասարդների ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույց»-ի ստեղծման ուղղությամբ, քանի որ զգացվում էր վերջինիս ստեղծման անհրաժեշտությունը:

 

Նելլի Թորոսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցներին, ծրագրի մասնակիցներին, փորձագետներին և դասընթացավարներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ծրագիրը բարձր մակարդակով անցկացնելու համար:

 

 

Շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակից արցախցի երիտասարդներին՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ նրանք իրենց ուժ ու եռանդով, չպակասող կենսասիրությամբ ծրագրին առանձնահատուկ բովանդակություն են հաղորդել:

 

Այնուհետև տեղի ունեցավ «Երիտասարդների ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույց»-ի ներկայացման արարողությունը, որի հեղինակներն էին Ռուբեն Մարկոսյանն ու Քրիստինե Նիկողոսյանը:

 

 

Ուղեցույցի մասին խոսելիս Ռուբեն Մարկոսյանը փաստեց, որ երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ինքը բազմիցս բախվել է ինթերնշիփերի կազմակերպման ուղեցույցի բացակայության խնդրին:

 

«Սա էր պատճառը, որ մենք որոշեցինք նմանաբնույթ նախաձեռնությամբ հանդես գալ՝ փորձելով ինթերնշիփերի կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնել և լրացնել ոլորտում առկա բացերը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը՝ հավելելով, որ թեպետ ձեռնարկը չի հավակնում առկա բոլոր հարցերի պատասխանները տալուն, բայց այն կարող է լավ հիմք դառնալ հետագայում այս  ուղղությամբ քայլեր անելու և առաջընթաց գրանցելու համար:

 

Ուղեցույցի հեղինակները ներկայացրին վերջինիս բովանդակությունն ու հիմնական դրույթները:

 

Միջոցառման վերջում «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» ծրագրի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: