28.09.2006 | 
Կրթություն
ԲԱՑՎԵՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ԲԱՑՎԵՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի ժուռնալիստիկան միջազգային չափանիշներին մոտեցնելու նոր հնարավորություն ստեղծվեց: Սեպտեմբերի 28-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ «Ժուռնալիստիկայի հայկական դպրոց» մագիստրոսական նոր միջազգային ծրագրի շնորհանդեսը:

Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը, շնորհավորելով առաջին շրջանավարտներին, ասաց. «Մեկ տարի առաջ Ժուռնալիստների միջազգային կենտրոնը հայտարարեց ծրագրի մրցույթ, որը շահեց մեր ֆակուլտետը: Այն երկու տարվա ծրագիր է, առաջին տարին արդեն ավարտեցինք»:

Ծրագրի հիմնական նպատակները երկուսն են` հայաստանյան ժուռնալիստիկան մոտեցնել միջազգային չափանիշներին եւ բազմաթիվ ոչ ժուռնալիստական կրթություն ունեցող ուսանողների պատրաստել իբրեւ պրոֆեսիոնալ լրագրողներ:


Անցյալ տարվա ուսանողները վեցն էին: Նրանք սովորում էին անվճար հիմունքներով: Այս տարի ծրագրում ընդգրկվել են ոչ միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, այլեւ այլ դիմորդներ: Նրանք 10 հոգի են: Ծրագրի տեւողությունը երկու տարի է: Դասավանդում են ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ ԱՊՀ-ից հրավիրված մասնագետներ: Դպրոցի ուսումնական ծրագիրն ապահովում է Ժուռնալիստների միջազգային կենտրոնը:

Ծրագրի առաջին շրջանավարտներից մեկը` Հասմիկ Մկրտչյանն, ասաց, որ գործնական ժուռնալիստիկա ուսումնասիրելու առումով մագիստրոսական այս ծրագիրն անկրկնելի է: «Սովորեցինք նկարել ինքներս, կարող ենք եւ օպերատոր լինել, եւ մոնտաժը ինքներս անել»: Ուսանողների պատրաստած նյութերը տպագրվել եւ հեռարձակվել են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներով:

Հայկական դպրոցի շրջանավարտները ստանում են ինչպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի դիպլոմ, այնպես էլ` Ժուռնալիստների միջազգային կենտրոնի կողմից միջազգային ճանաչում ունեցող հավաստագիր:

Առաջին շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: «Ուզում եմ, որ մեր ժուռնալիստիկայի որակական փոփոխությունների մեջ նկատելի լինի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների դերը: Ամեն ինչ կանենք, որ ձեր ուսումն ընթանա ժամանակին համաքայլ` տեխնիկական բոլոր նոր միջոցների կիրառմամբ»:

Ռեկտորի առաքելությունը, սակայն, այդքանով չէր սահմանափակվում: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց Մուլտիմեդիա կենտրոն: «Նոր կենտրոն կառուցելու նախագիծը վաղուց էր ներկայացված: Նախկին ղեկավարությունը բարյացակամ էր վերաբերվում, բայց այն ներդրումները, որ կատարվել են, կապվեցին ԵՊՀ նոր ռեկտորի անվան հետ»,- ասաց դեկան Գառնիկ Անանյանը: Կենտրոնում գործում է ռադիոստուդիա, խմբագրություն, հեռուստաստուդիա, եթերային ստուդիա, ձայնագրման ստուդիա, տեղեկատվական կենտրոն, մուլտիմեդիա, համակարգչային կենտրոն:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: