18.02.2022 | 
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ ՈՒ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ» ՄԻԿՐՈՀԱՄԱԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ ՈՒ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ» ՄԻԿՐՈՀԱՄԱԿԱՐԳ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան և ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած կիրառական նշանակության դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Մետաղօքսիդային նանոկառուցվածքային բարակ թաղանթների հենքով գազային տվիչների և «Էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգերի պատրաստում» թեման:

Նախագիծը նվիրված է մետաղօքսիդային (ZnO, ZrO2 և SiO2) նանոկառուցվածքային բարակ թաղանթների (ՆԲԹ), ածխածնային նանոխողովակների հիման վրա նոր սերնդի գազային տվիչների ու դրանց համատեղմամբ «Էլեկտրոնային քիթ» բազմաֆունկցիոնալ միկրոհամակարգի պատրաստմանը, որոնք աշխատում են լայն ջերմաստիճանային տիրույթում:

Բարձրորակ թաղանթների ստացման համար մշակված հատուկ մոդելային թիրախների պատրաստմամբ և ՆԲԹ նստեցման ֆիզիկական (PLD, DC, RF) և քիմիական (CVD, Զոլ-գել) տեխնոլոգիաների զարգացմամբ նախատեսվում է ստանալ նախընտրելի բնութագրերով բարակ թաղանթներ ու պատրաստել վտանգավոր գազերի՝ ածխածնի և ազոտի օքսիդների, ինչպես նաև ածխաջրածինների դիմադրային տիպի բարձրարդյունավետ գազային տվիչներ՝ բարձր ընտրողականություն և զգայունություն (մինչև մի քանի ppm), աշխատանքային կայունության պահպանում ջերմաստիճանի լայն տիրույթում (-40C≤T≤400C) և ագրեսիվ միջավայրերում (բարձր ճառագայթային և խոնավության պայմաններում)։

 


Թեմայի գիտական ղեկավար Մկրտիչ Երանոսյանի խոսքով, հետազոտական ծրագրի իրականացումը նպաստելու է բուհ-մասնավոր hատված կապերի հաստատմանն ու խորացմանը, փոխադարձ կարիքների բացահայտմանն ու դրանց բավարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը:

Դրա նպատակը շուկայում պահանջարկ ունեցող, ինչպես նաև նոր պահանջարկ ձևավորող նախատիպային նմուշների պատրաստումն է: «Էլեկտրոնային քիթ» համակարգերը կարող են համատեղել տարբեր լաբորատոր գործառույթներ միևնույն միկրոհամակարգի՝ չիպի վրա՝ ապահովելով գազային խառնուրդի առանձին բաղադրիչների միաժամանակ հայտնաբերման և ճանաչման հնարավորություններ:

 


Ըստ Մ. Երանոսյանի՝ նախագիծը, Հայաստանում նոր բարձր տեխնոլոգիական գիտատար արտադրանքի ստացման նպատակից բացի, միտված է նպաստելու մաքուր միջավայրի պահպանությանը և անվտանգությանը: Նոր սերնդի գազային տվիչների հիմնական խնդիրը շրջակա միջավայր արտանետվող և մարդու առողջության համար վտանգավոր գազերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է:


Ծրագիրը համաֆինանսավորում է  Երևանի կապի և միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնագիտացած է տվիչների արտադրության և միջազգային շուկայում վաճառքի հարցերում: