04.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է «BIOEXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է «BIOEXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
«BioExpo» ցուցահանդեսի այցելուները շրջեցին տաղավարներով, ծանոթացան տարբեր ցուցանմուշների, ականատես եղան և մասնակցեցին գիտափորձերի: «BioExpo»-ին հրավիրված էին 20-ից ավելի գործատուներ, որոնք աշխատանքային տարբեր ոլորտներից էին, և որտեղ էլ հիմնականում աշխատում են մեր ֆակուլտետի շրջանավարտները։

Երևանի պետական համալսարանը, կարևորելով բուհ-գործատու մշտական կապի ապահովումն ու շարունակական զարգացումը, մշտապես կազմակերպում է միջոցառումներ՝ միտված աշխատաշուկայի պահանջարկի և համալսարանում  ստեղծած հնարավորությունների վերաբերյալ բուհի շահառուների շրջանում իրազեկվածության բարձրացմանը։

 

 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննսիյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջեցին տաղավարներով, ուսումնասիրեցին մասնակիցների աշխատանքները:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի փոխդեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, մեզ հետ զրույցում խոսելով միջոցառման նպատակներից և կարևորությունից, ասաց. ««BioExpo»-ի հիմնական նպատակն է ուսանողներին և աշակերտներին ներկայացնել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես 7 ամբիոնների կատարած հետազոտությունները, ինչպես նաև այն, թե հետագայում ուսանողները ինչ հեռանկարներ կարող են ունենալ աշխատաշուկայում»:

 

 

Անդրադառնալով միջոցառման՝ ԵՊՀ-ի համար ունեցած նշանակությանը՝ Կ. Ղազարյանն ընդգծեց, որ կարևոր է ցույց տալ աշակերտներին, որ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել բազմաթիվ ոլորտներում՝ սկսած ԳԱԱ-ի տարբեր ինստիտուտներից մինչև արտադրություն, ախտորոշիչ կենտրոններ և այլն: Փոխդեկանը նշեց, որ ուսանողները հնարավորություն են ստանում տեղում գրանցվելու և հետագայում կապ հաստատելու գործատուների հետ:

 

 

Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ անդամ Լիլիթ Ղազարյանը նշեց, որ ՈՒԽ-ն կաևորում է նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք նպաստում են ֆակուլտետի գործունեության հանրայնացմանը: Ֆակուլտետի ղեկավարության հետ նման համագործակցությունը հնարավորություն է տալիս աշակերտներին ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

 

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Լիլիթ Իսկանդարյանը, խոսելով ՈՒԳԸ ծավալած գործունեությունից  և նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու կարևորությունից, ասաց. «Այս ցուցահանդեսում ՈՒԳԸ նպատակն է ներկայացնել ֆակուլտետի սարքավորումները և ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացրել ենք այն աշխատանքները, որոնք կատարել ենք մեր գերմանացի, ֆրանսիացի և այլ գործընկերների հետ համատեղ»:

 

 

Լ. Իսկանդարյանը նույնպես կարևորեց այսօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ շեշտելով, որ նրանք ուսանողներին մասնագիտական աճի հնարավորություն են տալիս, իսկ աշակերտներին կողմնորոշում են մասնագիտության ընտրության հարցում:

 

Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում էր տարբեր գիտափորձեր, օրինակ՝ կենդանի օրգանիզմում տեղի ունեցող մոլեկուլային գործընթացները։ Սոնյա Աբրահամյանը, որը համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է, մեզ ներկայացրեց մի գիտափորձ, որի համար օգտագործվում է ֆոտոէլեկտրոկալորիմետր սարքը:

 

 

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ Սիրուշ Խաչատրյանը և Էլեն Հակոբյանը իրենց տաղավարում ներկայացրել էին բուսական ու կենդանական նմուշներ:

 

Խոսելով ցուցանմուշների մասին՝ Ս. Խաչատրյանը նշեց. «Այստեղ ցուցադրել ենք 400 միլիոն տարվա նմուշներ, որոնք երկրագնդի «տարիքը», երկրաբանական ժամանակաշրջանը բացահայտող բրածոներ են: Ունենք նմուշ Երևանի տարածքից՝ քարացած բրածո խխունջ, որի մասին մի հետաքրքիր փաստ նշեմ. որքան ծանր է այն, այնքան տարիքը մեծ է: Եվ եթե վերցնեք այն ափի մեջ, կզգաք դրա ծանրությունը»:

 

 

Էլեն Հակոբյանը, որը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում՝ խորացնելով իր գիտելիքները նոր ուղղության մեջ և զուգահեռաբար ուսումը շարունակելով Իտալիայում՝ Թուրինի համալսարանում:

 

 

«ԵՊՀ-ում ստացած հիմնային գիտելիքները հնարավորություն են տալիս միջազգային ասպարեզ դուրս գալու: Տեղի նմուշների ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է ընձեռել Հայաստանում առկա կենսաբազմազանությունը ներկայացնելու արտերկրում և հետազոտությունս այնտեղ շարունակելու»,- ընդգծեց Է. Հակոբյանը:

 

Է. Հակոբյանը հավելեց, որ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն գիտության մեջ լուրջ բարձունքների հասնելու, առհասարակ նրանց դերը, Հայաստանի կենսաբազմազանությունը աշխարհին ներկայացնելու հարցում: Ի դեպ՝ Կովկասը կենսաբազմազանության ակտիվ կետերից մեկն է, իսկ ակտիվ կետերն այդքան էլ շատ չեն:

 

 

«Վարդանանք» կրթահամալիրի կենսաքիմիայի մասնագետ, ք․գ․թ․ Գայանե Մուրադյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով «BioExpo» ցուցահանդեսի կազմակերպման կարևորությանն ու առանձնահատկություններին, նշեց․ «Բազմիցս մասնակցել ենք ցուցահանդեսների, սակայն դրանք այնքան էլ ուսանելի չեն եղել, որովհետև աշակերտները պարզապես շրջել են տաղավարներով և ծանոթացել այն ամենին, ինչ իրենց ներկայացվել է։ Դա, կարելի է ասել, տպավորիչ չի եղել։ Իսկ ահա «BioExpo» ցուցահանդեսը չափազանց տպավորիչ է և ուսուցողական, քանի որ աշակերտները, բացի ընդհանուր ծանոթությունից, հնարավորություն ունեն նաև տարբեր գիտափորձերի մասնակցելու, մանրադիտակի միջոցով ուսումնասիրություններ կատարելու և այլն։ Ցուցահանդեսը կազմակերպված է բարձր մակարդակով, և շատ կցանկանամ, որ այսպիսի ցուցահանդեսներ հաճախակի կազմակերպվեն, որպեսզի աշակերտների շրջանում սեր առաջանա բնագիտության, հատկապես կենսաբանության հանդեպ»։

 

 

«Վարդանանք» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Գոհար Մկրտչյանը շատ տպավորված էր: Նա վստահեցրեց, որ տեսնելով ներկայացված բոլոր աշխատանքները և գիտափորձերը՝ իրենք ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ստացան: Գոհարը պատմեց, որ մեծ բավականություն ստացավ. նրան գրավել էր հատկապես այն, թե ինչպես են ուսանողները մեծ սիրով ներկայացնում և փոխանցում իրենց գիտելիքները:

 

 

Նշենք որ միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ուսանողական կառույցների համատեղ նախաձեռնությամբ, շրջանավարտների և կարիերայի, ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ, որինմասնակցում էին կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոնները, ինչպես նաև ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, գիտնականներ, դասախոսներ և այլք։

 

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։