27.02.2012 | 
Ուսանողական
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Համաշխարհային քաղաքական հիմնախնդիրների շուրջ իրենց տեսակետներն են հայտնում ապագա միջազգայնագետները:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Արդի համաշխարհային քաղաքական զարգացումները» խորագրով միջբուհական բանավեճ-մրցույթին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հասարակական, քաղաքական գիտությունների ֆակուլտետի ուսանողները:

 

Մինչ ուսանողական խմբերի ելույթները մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանը. «Ուրախ եմ, որ այսօր ուսանողները շահագրգռված են քաղաքական բանավեճերին ակտիվ մասնակցելու հարցում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլավոնական համալսարանի ուսանողներին նախաձեռնությանն արագ արձագանքելու համար»:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ՈՒԳԸ նախագահ Ժաննա Հարությունյանը: Բանավեճի լեզուն ռուսերենն էր, սակայն դա չէր խանգարում ապագա դիվանագետներին հստակ ներկայացնել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Թիմերից յուրաքանչյուրը կազմված էր 5-ական ուսանողներից, ովքեր հերթով խոսում էին Հայաստանի՝ Եվրոպական միությանը կամ Եվրաասիական միությանը անդամագրվելու առավելությունների, խնդիրների ու հեռանկարների մասին:

 

Սլավոնական համալսարանի սաները կողմ էին ԵՄ-ին միանալու տեսակետին՝ այն ամրագրելով փաստերով ու արդեն իսկ գրանցված հաջողություններով: Վերջիններս հավաստիացնում էին, որ Հայաստանն իր գործողություններով ու քաղաքական դիրքորոշման օրինակներով ցույց է տալիս, որ իր ընտրությունն արդեն կատարել է: Սակայն ԵՊՀ-ի թիմի անդամները չհամաձայնվեցին իրենց գործընկերների հետ:

 

Համալսարանականները վստահ են, որ Եվրոպան Հայաստանի զարգացման հիմնական ուղին համարվել չի կարող, քանի որ չի կարելի անտեսել Ռուսաստանի եւ ասիական այլ երկրների ազդեցությունը երկրի զարգացման ու առաջընթացի վրա: Թիմի անդամներից յուրաքանչյուրն առաջադրված տեսակետը հիմնավորեց մի շարք փաստերով: Միջոցառման վերջում ժյուրին որոշեց, որ բանավեճն ընթացել է հավասար պայմաններում: Յուրաքանչյուր թիմից ընտրված 3 ուսանողներ պարգեւատրվեցին պատվոգրերով, մյուսները ստացան հավաստագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: