18.10.2010 | 
Հասարակություն
ՄԱԿ-Ի ՄՈԴԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԱԿ-Ի ՄՈԴԵԼԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական նիստը «գումարվեց» ԵՊՀ-ում` ուսանողների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի հետ համատեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդն ու ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էին դերային խաղ, որտեղ ներկայացվեց ՄԱԿ-ի մոդելը: Կոնֆերանսի ժամանակ ուսանողները մոդելավորեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, քննարկվեց «Իրանի միջուկային հարստացման հարցը»: Հավատարիմ մնալով կոնֆերանսի պաշտոնական լեզվին` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մենուա Սողոմոնյանն անգլերենով ողջունեց ուսանողների նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ ապագա դիվանագետներին այս դերային խաղը հնարավորություն կտա գործնականում ավելի ամրապնդել իրենց տեսական գիտելիքները:

 

ԵՊՀ ՈՒԽ եւ ՈՒԳԸ նախագահներն էլ ուրախությամբ նշեցին, որ երկու ուսանողական կառույցների համատեղ գործունեության արդյունքում ուսանողները ձեռք են բերում նոր հմտություններ, կատարելագործում լեզուների իմացությունը: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից բացի, կոնֆերանսին մասնակցում էին նաեւ ԵՊՀ այլ ֆակուլտետների ուսանողներ: Կոնֆերանսին մասնակցելու հայտ ներկայացրած ուսանողներից նախապես վիճակահանությամբ ընտրվել են Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչները, այնուհետեւ ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի աջակցությամբ անցկացվել են վարժանքներ: Մեկ ամիս առաջ պատվիրակները տեղեկացել են քննարկվող թեմայի մասին, պատրաստել են ելույթներ` իրենց երկրի տեսակետներին ու դիրքորոշումներին հավատարիմ մնալով:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Սարգսյանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը եւ ասում, որ խիստ դեմ է այն բոլոր պատժամիջոցներին, որոնք ինչ-որ կերպ կարող են վնասել Իրանի Իսլամական Հանրապետության կենսական շահերը: Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրոս Հարություն Ազգալդյանն էլ ներկայացնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունը, նա մեկ շաբաթվա ընթացքում հասցրել էր ուսումնասիրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթներն ու դիրքորոշումները: Հարությունը խոստովանում է, որ իր ելույթը պատրաստելիս մի պահ ինքը եւս դարձել է այդ երկրի մտածելակերպի կրողը, ակամայից ապագա տնտեսագետը խիստ հակակապիտալիստական ելույթ է կազմել` քննվող հարցի շուրջ ունեցած իր անձնական տեսակետը մի կողմ թողնելով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ Ժաննա Հարությունյանը կոնֆերանսի կազմակերպիչներից է: Նրա խոսքերով այս դերային խաղը շարունակական բնույթ է կրում, եւ կոնֆերանսի լավագույն մասնակիցները մասնակցելու են նախ հանրապետական, այնուհետեւ միջազգային կոնֆերանսներին: Կոնֆերանսի արդյունքներն ամփոփելուց հետո միջոցառման կազմակերպիչները ընդունված բանաձեւն ուղարկվելու են Նյու Յորք` ՄԱԿ-ի կենտրոնակայան:

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: