01.03.2013 | 
Մշակույթ
ՄՇՏԱԿԱՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ
ՄՇՏԱԿԱՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ
Արդեն 10-րդ տարին անընդմեջ ԵՊՀ աշխատակիցը ներկայանում է իր անհատական ցուցահանդեսով:

Այսօր գարնան առաջին օրն է` մարտի 1-ը: Արդեն 10-րդ տարին անընդմեջ այս օրը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենում ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գեւորգյանի անհատական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:


Համալսարանականը ցուցահանդեսին ներկայացրել էր իր ավելի քան 50 հին ու նոր աշխատանքները, որոնք պատրաստել էր այս տարիների ընթացքում: «Գնալով ավելի մատչելի ու ըմբռնելի են դառնում Նելլիի աշխատանքները, ինչից կարելի է ենթադրել, որ նա ավելի է վարպետանում: Այս պարզությունը եւ պարզ ձեւով արտահայտվելը քչերին է հասու»,- ասում է բանաստեղծ Հովիկ Հովեյանը` հավելելով, որ ինքն արդեն 10-րդ տարին է, որ գեղագիտական մեծ հաճույք է ստանում այս օրը:


Օրվա գլխավոր հերոսուհին` Նելլի Գեւորգյանն էլ նշեց, որ իր աշխատանքները որեւէ թեմատիկ սահմանափակում չունեն. «Դրանք ծնվում են պահի ազդեցությամբ եւ նյութի տեսակից: Փորձում եմ հետաքրքիր կոլաժներ պատրաստել գրեթե ամեն ինչից»: Պատմության թանգարանի աշխատակիցը, ով արդեն շուրջ 400 ձեռագործ աշխատանքների հեղինակ է, իր ցուցահանդեսը նվիրում է գարնան առաջին օրվան ու կանանց տոնին` ցանկանալով իր աշխատանքների միջոցով նոր եւ վառ գույներ նվիրել մարդկանց, հատկապես աղջիկներին ու կանանց:


Նշենք, որ առաջիկայում լույս կտեսնի նաեւ «Նելլի Գեւորգյանի աշխատանքների ժողովածուն» գիրքը, որում ամփոփված են ԵՊՀ աշխատակցի եւ ժողովրդական վարպետի լավագույն աշխատանքները: «Գիրքն արդեն տպարանում է: Միայն մի քանի օրինակ է դեռեւս հասու մեզ: Որոշ ժամանակ անց այն արդեն հասանելի կլինի Նելլի արվեստը գնահատողների եւ բոլոր հետաքրքրասերների համար»,- ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը:


Հավելենք, որ Նելլի Գեւորգյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 16-ը: Մուտքը, ի դեպ, ազատ է:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։