Չնայած ներկայացումը կրում է Աղասի Այվազյանի միայն մեկ ստեղծագործության անունը, բայց այն մի քանի ստեղծագործությունների «խառնուրդ» է: Կոմպոզիցիան մշակել են դրամատուրգի կինը` Գրետա Վերդյան-Այվազյանը եւ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Առաջին անգամ այն բեմադրվել է 2 տարի առաջ` «Այվազյանական ընթերցումների» շրջանակում: Այվազյանի մի քանի գործերի փոքրիկ համադրություն էր, իսկ բուն նյութը վերաբերում էր մեղավոր մարդկությանը:
«Զարմանում եմ, թե ինչպես մարդիկ դարեր շարունակ իրենց գործած մեղքերի համար մեղավորներ են փնտրում` չխնայելով անգամ Հիսուսին»,- սկսվեց բեմադրությունը: Գործը պատմում է Հիսուսի` Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի եւ նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քար նետեին նրա վրա: Հանդիսատեսին մեջքով կանգնած ամբոխը նայում է խաչված Հիսուսին: Ամբոխից հերթով դուրս են գալիս Թարսիսը, Ռեբեկան, Հակոբը, Սաղաթելը, Աքազը, Զաքարիան, Հուդան, Ալիծը եւ ծերունին ու պատմում, թե ով ինչ առաքելություն ունի ամբոխի մեջ: «Նրանցից յուրաքանչյուրը լինելիության ցուցակի մեջ է: Ձեզ չի՞ հետաքրքրում այդ անկրկնելի ցուցակը:
Մի մեծ ու որոշակի կերպար, ոչ պակաս որոշակի, քան մեր գիտցած Քրիստոսի… Թերեւս հավերժությունը երկու տեր ունի` Քրիստոսը եւ ՑՈՒՑԱԿԸ»,- հանդիսատեսի հետ մտորում է Թարսիսը: Բեմում համալսարանի ուսանողներն էին, ովքեր բոլորովին էլ թատերական կրթություն չունեն: Սակայն հանդիսատես Վալտեր Հակոբյանը զարմացած էր, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանները կարողանում են այդքան լուրջ ու համոզիչ խաղալ: Իսկ բեմի լույսը, երաժշտությունն ու դերասանների ձայներն այնքան ազդեցիկ էին, որ մի փոքրիկ աղջնակ մորը նույնիսկ ստիպեց դուրս գալ դահլիճից` պատճառաբանելով, որ վախենում է: «Ներկայացումը ոչ միայն բացահայտում է Այվազյան դրամատուրգին, այլեւ լավագույնս արտացոլում է մեր ժամանակաշրջանը: Շատ բարդ էր անփորձ դերասաններին Այվազյանի արվեստի մի մասնիկը դարձնելը, սակայն մեծ աշխատանքի գնով դա հաջողվեց»,- ասում է ներկայացման ռեժիսոր Կարինե Դավթյանը: